Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Մկրտչյանը կոչ է անում ընտրություններին խնայել կրթական համակարգը (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-1

«Դպրոցական դասագրքերը գրվում են գերազանցիկ աշակերտների համար,  բայց պետք է մատչելի լինեն նաև միջին սովորողի համար» , -այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, ասաց ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝  հասարակության և նախարարության համար գերակա ուղղություն է հանրակրթության ոլորտը, և դա բնական է. «Ամենազարգացած և հարուստ երկրներում անգամ բնակչությունը դժգոհ է կրթական համակարգից, եթե դժգոհ չէ, նշանակում է՝ զարգանալու տեղ չունի»,-ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե հարուստ երկրների կրթական համակարգի միակ խնդիրը որակի հարցն է,ապա մեր պես երկրների կրթական ոլորտի վրա դրված է նաև սոցիալական բեռը։ Խոսելով դպրոցների մասին, նախարարը նշեց, թե դրանց կառավարման արմատական փոփոխություններ դեռևս չեն կարողանում իրականացնել, բայց այդ հայեցակարգը դրված է հաջորդ տարվա ծրագրում։ Ըստ Լևոն Մկրտչյանի՝ դպրոցական ծրագրերը շատ հագեցած են, աշակերտները՝ ծանրաբեռնված. «Եթե եվրոպական երկրներում աշակերտները 10-15 առարկա են անցնում, ապա մեզ մոտ առարկաների թիվը հասնում է 25-ի։ Առաջարկ ունենք, որ հմտություններ բերող առարկաները առանձին դասագրքերով չմտնեն դպրոցներ, այլ մյուս առարկաների հետ համատեղ։ Մենք չունենք դպրոցական դասագիրք գրելու մշակույթ: Փորձելու ենք բեռնաթափել հատկապես 12-րդ դասարանի ծրագիրը»։ Խոսելով բուհական կրթության մասին՝ նախարարը նշեց, որ հաջորդ տարվանից սկսած՝ պետք է այնպես անեն, որ համալսարանները չգոյատևեն միայն ուսանողների վարձավճարների հաշվին. «Համալսարաններում պետք է ստեղծել ֆոնդեր, որոնք համալսարանների ֆինանսական վիճակը կբարելավեն։ Մենք հասկանում ենք, որ բնակչության մի զգալի զանգված ցանկանում է սովորել, բայց գումար չունի, այդ հարցը փորձում ենք լուծել այնպես, որ ոչ մի ուսանող բուհից դուրս չմնա վարձը չմուծելու պատճառով»,-ասաց նա։ Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նաև դպրոցների շենքային պայմաններին՝ նշելով, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մարզային 5 դպրոցի շինարարություն է իրականացվում։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում ընտրություններին ուսուցիչների ակտիվ մասնակցությունը,  նախարարը նշեց, թե կոչ է անում խնայել կրթական համակարգը ընտրությունների ժամանակ. «Որովհետև առանց այդ էլ ուսուցիչները ներգրավված են ընտրական գործընթացներում։ Օրինակ, էլեկտրոնային համակարգը որ ներդնելու են, ենթադրենք՝ գյուղում, ո՞վ է գլուխ հանելու, պարզ է, չէ՞, որ ինֆորմատիկայի ուսուցիչը»։