Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴԿ-ն բանակցում է Սեյրան Օհանյանի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hayeli2

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համագործակցության համար բանակցություններ է վարում Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ հունվարին իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: Նրա դիտարկմամբ, Հայաստանում չի կարող որեւէ շրջադարձային փոփոխություն լինել, քանի որ համակարգը դա թույլ չի տալիս: «Անհրաժեշտ են հակաճգնաժամային քայլեր, որոնք հնարավորություն կտան երկիրը բալանսի բերել: Միաժամանակ, անհրաժեշտ է տոտալ հսկողություն սահմանել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների պահպանման վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք համամիտ կլինեն այս սկզբունքների հետ»,-ասաց կուսակցության նախագահը: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր»- «Լուսավոր Հայաստան»-«Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած Դաշինքի հետ միավորվելուն՝ Ա. Սարգսյանն ասաց, որ այդ ուղղությամբ բանակցություններ դեռ չեն ընթանում: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքերով, բոլոր նրանք, որոնք խոսում են համակարգի փոփոխության մասին,  ի զորու չեն նոր համակարգ ստեղծել: «Եթե նրանք ի զորու լինեին նոր համակարգ ստեղծել՝ կմիավորվեին: Ակնհայտ է, որ չմիավորվելու դեպքում՝ համակարգի դեմ խոսողները նպաստում են դրա պահպանմանը: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ մարդիկ ուզում են այդ համակարգում տեղ զբաղեցնել: Խորհրդարանը միայն ՀՀԿ-ականներից բաղկացած չի լինելու, պետք է լինեն նաեւ այլ կառույցների ներկայացուցիչներ: Հիմա խոսքը գնում է այդ «այլ կառույցներում» տեղ զբաղեցնելու մասին, իսկ դրա համար պետք է դեմ խոսել իշխող կուսակցությանը»,-ասաց Վ. Խաչատրյանը: