Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու չեն պատժվում վարկաբեկված ու կոռուպցիոներ նախկին պաշտոնյաները (տեսանյութ)

Քաղաքականություն
suren-qrmoyan-nkar

Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո վարկաբեկված  և կոռուպցիոն սկանդալներում ներգրավված մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ տվեցին զբաղեցրած պաշտոններին։ Սակայն հանրություն այդպես էլ չտեսավ նրանց՝ օրենքի առաջ կանգնելու դեպքեր։ Հակառակը, հաշվի առնելով ներհայաստանյան իրականությունը, չի բացառվում նրանց՝ կրկին պաշտոնների վերադառնալու հնարավորությունը։ Այս արձանագրումը «Թրանսփարենսի ինթերնեշնլ»  հակակոռուպցիոն կենտրոնինն է։ «Ա1+»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն անդրադարձավ տրված գնահատականին։ Պետք չէ՞ր արդյոք դնել նշյալ անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Ձևակերպումներն ու գնահատականները ճիշտ չեն։ Տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, փոփոխվում են քաղաքական պաշտոններ, և այս առումով չպետք է նույնականացնել այդ քաղաքական գործընթացները այլ գործընթացների հետ»,- ասաց պարոն Քրմոյանը։ Ըստ նրա՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքար կառավարությունն արդեն սկսել է. «Արդեն մենք ունենք օրենք ապօրինի հարստացման քրեականացման մասին, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող ծախսերի և եկամուտներում կանխիկի սահմանափակման մասին, հայտարարագիր տվող անձանց թվի մեծացման մասին։ Այլ քայլեր ևս արվում են»։ Չնայած լավ օրենքներին, դրանք հաճախ գործնական կիրառություն չեն ունենում և ստվերվում է հենց օրենքի ընդունման նշանակությունը։ Իրավապահ մարմինների կոռուպցիոն ռիսկերով հագեցած գործունեությունը օրենքը հաճախ դարձնում է անկատար՝ անպիտան։ Սուրեն Քրմոյանի պատասխաննը դիտարկմանը հետևյալն էր. «Այն խնդիրները, որ ունեն մեր իրավապահ, դատական համակարգերը՝ արձանագրված են նախագահի կողմից հաստատված «Իրավական և դատական բարեփոխումների 12-16թթ. ծրագրով»։ Արդեն աշխատանքներ են կատարվում 2017 թվականի ծրագրի ուղղությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում