Ձախողումը նախարարին չի հուսահատեցնում (տեսանյութ)
Այս տարի նախատեսված 2,2 տոկոս տնտեսական աճի ձախողումը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին չի հուսահատեցնում. նա հավատում է, որ 2017 թվականի համար նախատեսված 3,2 տնտեսական աճն իրատեսական է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, նախարարը նշեց, որ չնայած տնտեսության վատթար վիճակին, դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, կա. «Վերջին երկու տարիներին տրանսֆերտների նվազումը բերել է գնողունակության անկման, սպառման ծավալների նվազման, բայց այս տարի դրական տեղաշարժ ունենք առևտրի մասով՝ 0,3 տոկոս: Ներմուծումների մասով ևս աճ ունենք՝ 2 տոկոսով»: Նախարարը հավելեց, որ ՀՀ ընդհանուր պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 905 միլիոն դոլար. «Չնայած, որ պետական պարտքը աճել է, դա չի ազդել տոկոսադրույքի վրա, տոկոսադրույքները չեն բարձրացել»,-ասաց Արամյանը՝ վստահեցնելով, որ պարտքերի մարման մասով խնդիրներ չենք ունենա: Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի՝գնումների վերաբերյալ գաղտնիությանը՝ նշելով, թե դա պաշտոնյայի անվտանգությունից ելնելով է արվում. «Հարցեր կան, որ չպետք է ֆետիշացվեն: Եթե միջազգային պրակտիկան նայեք, որևէ մեկը ձեզանից չի կարող իմանալ, թե Անգելա Մերկելը կամ մեկ այլ պաշտոնյա ինչ գնումների պլանավորում ունի: Դա իր մեջ անվտանգության ռիսկեր է պարունակում: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ անվտանգության ռիսկեր միշտ կան: Վստահեք ինձ, ես շահագրգռված եմ, որ բոլոր գնումները լինեն թափանցիկ, բայց ի՞նչ պարտադիր է, որ բոլորը իմանան, թե որ պաշտոնյան որ ռեստորանում է իր հյուրին ճաշ մատուցում: Անվտանգության տեսանկյունից ճիշտ չէ, բայց եթե գաղտնի է արվում, չի նշանակում, թե մրցույթներ չեն հայտարարվում կամ ծառայությունների կապալառուները լինելու են պաշտոնյաների ազգականները»,-վստահեցրեց նա: Պարոն Արամյանը խոսեց նաև օտարերկրյա ներդրումների մասին՝ նշելով, որ ՀՀ բյուջեն այդ առումով վստահելի է: Արդյո՞ք ներդրողը կարող է վստահ լինել, որ իր բիզնեսը չեն դարձնի պետական, ինչպես եղավ «Փարքինգ սիթիի» դեպքում, նախարարն արձագանքեց. «Որևէ բան չպետք է լինի ստիպողաբար, այլապես դա կլինի ազգայնացում: Ճիշտ է, այդ երևույթը բացասաբար կանդրադառնա ներդրումների վրա, բայց կոնկրետ «Փարկինգ սիթիի» մասով համաձայնություն է եղել փոխհատուցել նրանց ներդրումները»: