Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բացառում եմ, որ Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը կարող է ընդհատվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
viktor1

«Երրորդ հանրապետություն» կուսակցության  7-րդ արտահերթ համագումարին, որի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց Վիկտոր Դալլաքյանը, վերջինս հանդես եկավ մամուլի ասուլիսով: Համագումարին Պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկա չէր, թեեւ նրա ներկայությունն ակնկալվում էր: Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ Սեյրան Օհանյանի հետ ունեն ընդհանուր տեսակետներ եւ մոտեցումներ. «Մեր համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, այլեւ խորանում է, ու դա պայմանավորված է նրանով, որ մեր կուսակցության ու նրա գնահատականները երկրում ստեղծված ծանր իրավիճակի ու դրանից դուրս գալու վերաբերյալ համընկնում են: Մենք այն կարծիքին ենք, որ միասնաբար, համախմբված ձեւով հնարավոր է խաղաղ ճանապարհով, ԱԺ ընտրությունների արդյունքում հասնել իշխանափոխության»: Նրա կարծիքով՝ 2017թ. ԱԺ ընտրությունները պետք է դարձնել «սեւի եւ սպիտակի» դաշտ. «Մի կողմում իշխանություններն են, որոնք ժողովրդի կողմից անընդունելի են, եւ մյուս կողմում կարող են հայտնվել դեմոկրատական ուժերը»: Պարոն Դալլաքյանը ողջունում է սփյուռքահայ արվեստի գործիչների պատրաստակամությունը՝ հետեւելու ընտրությունների ընթացքին. «Ես պատրաստ եմ որոշակի խորհրդատվություն տալ նրանց, թե ինչպես կարող են մասնակցել ու դիտորդական առաքելություն իրականացնել ընտրություններին»: Այնուամենայնիվ, մամուլի ասուլիսի ժամանակ հարցերի հիմնական հատվածը վերաբերում էր Սեյրան Օհանյանի հետ նրա համագործակցությանը: «Ես կոռեկտ չեմ համարում, որ ինձ անընդհատ հարցեր տաք Սեյրան Օհանյանի՝ հնարավոր գործունեության ու նրա քայլերի մասին: Ես պարոն Օհանյանի փաստաբանը կամ մամուլի խոսնակը չեմ: Նա ներկայացրել է իր հայտը՝ քաղաքականությամբ զբաղվելու: Ես բացառում եմ, որ Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը կարող է ընդհատվել, ավելին՝ ես ընդգծում եմ, որ այդ համագործակցությունը  առավելագույնս խորանալու է ու առաջիկայում ականատեսը կլինեք, թե ինչ ֆորմատով է դա լինելու: Ես պատասխանատվություն եմ կրում ցանկացած բառիս համար: Հանգիստ եղեք, Սեյրան Օհանյանի քաղաքական հայտի ու նրա քաղաքական գործունեության համար»: