«Երաշխիքը փուլային լուծման գնալն է»
Փոխզիջումների ճանապարհով կոնֆլիկտեր լուծելն «ադաթ» է ամբողջ աշխարհում. «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ընթացքում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Լրացուցիչ տարածքներ ապահովագրելիս էլ նպատակը եղել է այն, որ հետագայում այդ տարածքների հաշվին լուծվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը: Կոմպրոմիսային լուծման է պետք գնալ, որը ժողովրդի սրտով չի լինելու: Ցանկացած փոխզիջում ցավոտ է լինելու, սակայն կեղծ հայրենասիրությունը պետք է մի կողմ դնել»: Արամ Մանուկյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է որոշում կայացնեն և դրա մասին հայտնեն ժողովրդին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նախապատրաստվեն խաղաղությանը: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշում է, որ ՀՀ երեք նախագահներն էլ կողմ են եղել և բազմիցս հայտնել են, որ պատրաստ են փոխզիջումների. «Այստեղ խնդիրը Ադրբեջանինն է, որը չի ցանկանում, որ խնդիրն այդ ճանապարհով լուծվի:Ադրբեջանն անընդհատ գնում է ռազմական ճանապարհով խնդրի լուծման»: Արմեն Գրիգորյանը նշում է, որ դեմ է այն կարծիքներին, թե արտագաղթի միակ պատճառն Արցախն է. «Իհարկե Արցախյան կոնֆլիկտն էլ իր ազդեցությունն ունի, սակայն արտագաղթի գլխավոր պատճառը երկրի տնտեսական վիճակն է, մոնոպոլիզացիան, որը բնակիչներին ստիպում լքել սեփական երկրի սահմանները»: Խոսելով հնարավոր փոխզիջման պարագայում անվտանգության երաշխիքների մասին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ երաշխիքը փուլային լուծման գնալն է. «Լավագույն երաշխիքն այն է, որ քո շահերը համընկնեն գերտերությունների շահերին»: