Լոքյանը բացատրել է՝ ինչու ազատեցին Սուրիկ Խաչատրյանին (տեսանյութ)
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ տասնութ խոշորացված համայնքում սկսել են ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրեր:
Նրա խոսքերով՝ այդ համայնքների զարգացման համար Եվրախորհուրդը տրամադրել է դրամաշնորհ, մասնավորապես աղբահանության, տնտեսական որոշ ծրագրերի իրակացման, ավտոբուսների գնման համար:
Դավիթ Լոքյանը անկեղծացավ՝ այնպես չէ, որ համայնքների բնակիչները հարյուր տոկոսով համաձայն են խոշորացման ծրագրին. «Խնդիրը հիմնականում վերաբերում է համայնքի ղեկավարի, աշխատակիցների հաստիքներին, որոնք ենթադրում են, թե կորցնելու են իրենց աշխատատեղը. իրենք տասը միլիոն բյուջեի ծախսը հաշվի չեն առնում: Տվյալ համայնքերում հաստիքների կրճատում չի լինելու, այլ օպերատորն է փոխվում: Դժգոհություններց մեկն էլ այն էր, թե ներդրված ծառայություններից չեն կարողանալու օգտվել, օրինակ՝ գույքահարկի հետ կապված մի համայնքից մյուսը պետք է գնան: Խոշոր դոնորների շնորհիվ տեղերում ստեղծվել են համապատասխան կենտրոններ, նաեւ կան պատրաստված մասնագետներ, որոնք կօգնեն այն բանկիչներին, որոնք չեն կարողանում կողմնորոշվել էլեկտրոնային համակարգերում: Նաեւ՝ խոսում են այն մասին, որ քարտեզից իրենց գյուղի անունը կվերանա: Չի վերանալու. նոմինալ անունը մնացել է, պարզապես համայնք անուն բառի փոխարեն կլինի բնակավայր»:
Պարոն Լոքյանը նաեւ նշեց, որ մարզպետների հետ ամենօրյա աշխատանք է իրականացնում. «Յուրաքանչյուր օր նրանք ուղարկում են իրենց տնտեսական ծրագրերը, ու դրանք նաեւ փորձում են բիզնես տեսքի բերել»:
Հարցին՝ ՀՅԴ-ն ի՞նչ է կորցնում կամ ստանում Դավիթ Լոքյանի՝ նախարարի պաշտոնում, նա նշեց. «Ես չեմ ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել. ամեն ինչ ժամանակը ցույց կտա»:
Մարզերի համաչափ զարգացման, մասնավորապես նախարարությունների տեղաբաշխման առումով պարոն Լոքյանն ասաց, որ օգոստոսին ընդունվել է ռազմավարություն. «Արդեն կարող եմ թվել շուրջ տասնհիգ ծրագիր, որոնք մարզերում սկսել ենք այդ շրջանակներում: Այն խոսակցությունները, թե նախարարությունները տեղափոխվելու են, թե ոչ, քննարկումները ընթացքի մեջ են: Այն, որ Մշակույթի նախարարությունը, կտեղափոխվի Գյումրի, այդ թեման արդեն մտել է ակտիվ շրջանառության մեջ: Այս պահին հաշվարկվում են շենքերի արժեքը, աշխատակիցների հնարավորությունները՝ Երեւանի՞ց են մեկնելու աշխատելու, թե հաշվի են առնելու Գյումրիում ունեցած պոտենցիալը: Այդ որոշումը կընդունվի մյուս տարվա ընթացքում: Քննարկումներ կան նաեւ մեկ-երկու այլ նախարարության մասով, օրինակ՝ Գյուղատնտեսության նախարարության մասով»:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ պաշտոնից հապճեպ ազատումը, նա պատասխանեց. «Նրա ազատումը վարչապետի առաջարկն է եղել, որը քննարիվել է նաեւ մեզ հետ»:
2017թ. նախընտրական, ընտրական տարի է, ո՞րն է լինելու Դավիթ Լոքյանի դերակատարումն այս հարցում: Նա վստահեցրեց, որ մազրպետների հետ միայն խորհրդակցում են ընտրությունների անցկացման տեխնիկական, կազմակերպչական հարցերով, սակայն գաղափարական, քարոզչական որեւէ ուղղորդում չի եղել ու չի լինի իր կողմից։