Գալուստ Սահակյանն ընկերություն է անում ընդդիմության հետ (տեսանյութ)
Ամփոփելով անցնող տարին՝ հայ օրենսդիրներն առանձնացնում են ձեռքբերումներն ու ձախողումները: «Ամենավատ ներգործությունը դա ապրիլն էր, երբ Ադրբեջան հարձակվեց մեզ վրա, իսկ ամենակարեւոր գործընթացներից մեկը 2016թ. ԱԺ աշխատանքը, քանի որ ես կարողացա հաղթահարել հետեւյալ միջոցը, որ ԱԺ-ն դառնա լրիվ ազատ, անկախ, որ ցանկացած լրագրող կամ պատգամավոր մինչեւ վերջ կարողանա արտահայտվի»,- ԱԺ-ում ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանն անգամ խորհրդարանական ընդդիմության հետ աշխատանքն է համարում ձեռքբերում. «Ընդդիմադիրները ամենալավ բանն էլ, որ անես, միեւնույնն է՝ գոհ չպետք է լինեն, սակայն եթե խոսքն ինձ է վերաբերում, ես՝ որպես անձնավորություն, մարդ, շատ մոտ եմ նաեւ ընդդիմադիրների հետ եւ նույնիսկ ընկերություն ենք անում»: Ապրիլյան պատերազմը մեկ հիմնական պատգամ ունեցավ՝ խաղաղության պահպանումը ՀՀ եւ ԼՂՀ համար ամենակարեւոր ձեռքբերումն է: «Կյանքն ինքը ենթադրում է զարգացում, կյանքն ինքը դինամիկայի մեջ է, եւ զարգացումն արդեն իսկ ասում է, որ պիտի ձգտես լինել ավելի լավը, ավելի կատարյալը, քան կայիր: Տնտեսական զարգացումը շատ կարեւոր է, բայց կարծում եմ՝ ամենակարեւորը մեր անվտանգությունն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: ԱԺ տարեվերջյան ընդունելությանը եւս ընդգծվեց լրագրողների դերակատարումը ապրիլյան պատերազմի լուսաբանման հարցում: «Մարտադաշտն ու քաղաքական դաշտը, միջպետական ու ներպետական կյանքը երբեք չզգացին անտարբերության կամ անուշադրության որեւէ նշույլ ձեր կողմից, այդ թվում եւ Ազգային ժողովում, մեր դեպքում` նույնիսկ հակառակը»,- իր հայտարարության մեջ նշեց Գալուստ Սահակյանը: Ընդունելության չշրջանցվեց նաեւ ԱԺ-ում լրագրողների իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության թեման: «Խորհրդարանը համարելով տրամադրությունների ու տեսակետների արտահայտման ժողովրդավարական ազատ քաղաքական հարթակ, թե ես` որպես Ազգային ժողովի նախագահ, եւ թե Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես ձգտել ենք ապահովել ազատ խոսքի իրավունքի իրացման եւ լրագրողական գործունեության իրականացման անկաշկանդ մթնոլորտ ու համապատասխան պայմաններ»,- ընդգծեց ԱԺ նախագահը: Այս տարի առաջին անգամ խորհրդարանում պատգամավորի կողմից հնչեց ոչ միայն սպառնալիք, այլեւ արձանագրվեց բռնության դեպք լրագրողի նկատմամբ: Այնուամենայնիվ, տարեվերջին ԶԼՄ մի շարք ներկայացուցիչներ ԱԺ կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով եւ հուշանվերներով: