Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի տարածքների հանձնումը կավարտվի պետականության կորստով. Ա. Ենիգոմշյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
himnadir10

Արցախին հարակից տարածքների հանձնումն Ադրբեջանին կործանարար հետևանքներ կունենա հայկական պետականության համար։ «Դա փաստացի հավասար կլինի Հայաստանի կորստին»,- համոզված է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Ադրբեջանն այս շրջանում պատրաստ չէ մշտական խաղաղության, և միամտություն է կարծելը, թե հող հանձնելով հնարավոր կլինի խաղաղություն հաստատել։ «Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ունի այն նկրտումը, որ անգամ տարածքներ ստանալու պարագայում ինքը չի հրաժարվելու մնացած ամեն ինչից։ Չի հրաժարվելու ոչ միայն Արցախից, այլ նաև՝ Հայաստանից»,- ասում է Ալեք Ենիգոմշյանը։ Նրա համար մերժելի է Արցախի հարցի լուծման՝ ներկայումս քննարկվող  ցանկացած ֆորմատ՝ լինի փուլային, թե փաթեթային։ Ազգային անվտանգություն ապահովելու անհրաժեշտությունն այլ քայլերի մեջ է։  «Էդ բոլորը փուչ, սնանկ օրակարգեր են։ Աշխարհաքաղաքական և ռազմավարական իմաստով մեր ժողովրդին անհրաժեշտ է ռազմավարական խոր։ Այդ իմաստով ոչ միայն խոսք չի կարող գնալ տարածքների հանձնման մասին, այլ հայ ժողովրդին պետք է պատրաստել Արաքսից Կուր սահմանն իրականություն դարձնելու ուղղությամբ»,- ասում է պարոն Ենիգոմշյանը։ Արցախի շուրջ այժմյան իրավիճակն արցախցի գործիչ Վահան Բադասյանին հիշեցրել է 1920 թվականը՝ Կարսի հանձնման շրջանը։ Ցավով արձանագրում է՝ տարածքներ հանձնելու կողմնակից են Հայաստանի բոլոր նախագահները։ Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր։  «Աբսուրդային վիճակի մեջ ենք հայտնվել, երբ հաղթող երկիրը իր ժողովրդին պատերազմով է վախեցնում։ Սա դավաճանի կեցվածք է ուղղակի։ Ամեն ինչ պետք է անենք, որ ձերբազատվենք նման երևույթներից, նրանք ոչ թե իշխող վերնախավ են, այլ վատ երևույթ են, որ առաջացել են մեր կյանքում»,- ասում է պարոն Բադասյանը։ Հայաստանի Հանրապետության և Արցախի մի քանի տասնյակ գործիչներ անթույլատրելի են համարում տարածք հանձնելու որևէ քննարկում։ Նրանք համատեղ հայտարարությամբ կոչ արեցին իշխանություններին և ընդդիմադիր շրջանակներին ասպարեզ չնետել «պատերազմ, թե խաղաղություն» կեղծ երկընտրանքը՝ Արցախի հարցում ժողովրդին զիջողականություն պարտադրելով։