Հայերին բռնաճնշումների ենթարկելու մեղադրանքը թուրք լինելն էր (տեսանյութ)
Հարություն Մարությանը Ստալինյան բռնաճնշումների մասին մոր՝ Արփենիկ Ալեքսանյանի պատմածներով ու նաեւ նրա օրագրից է ծանոթ։ Վանի կոտորածներից փրկված պապի ու տատի ընտանիքի աքսորի պատությունը մայրն օր-օրի ներկայացրել է օրագրում, որը հրատարակվել է 2007 թ-ին։
Այս գրքով սկիզբ էր դրվել Հիշողության ազգագրություն մատենաշարը; Այսօր ներկայացված ՚«Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում, պատմություն, հիշողություն, առօրյա» գիրքը այս մատենաշարի 5 –րդ հրատարակումն է։ «Բռնաճնշումների ենթարկելու մեղադրանքը թուրք լինելն է։ Ալեքսանյան Սիլվա, Իսկուհի, Աշխեն, Արայիկ։ Խիստ հայկական այս անունները ոչինչ չէին նշանակում։ Թուրք լինելը՝ բռնադատվածների մի կատեգորիան է միայն»։
Ցեղասպանությունից փրկված եւ Վրաստանում ապաստանած հայ ընտանիքին հենց այս մեղադրանքով էին աքսորել։ Ազգային արխիվում հիմա հետազոտում ու հաշվարկում են, թե քանի հայ է, որպես թուրք կամ նախկին թուրքահպատակ աքսորվել; Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով Խորհրդային միության տարածքում հայերը թիրախավորված են եղել, որպես էթնիկ միավոր։ «Ես սա կապում եմ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի մի կետի հետ, որոնք շատ քիչ են քննարկվում։ Ըստ այդ պայմանագրերի 10-րդ հոդվածների Հայաստանը եւ Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում են իրենց տարածքում թույլ չտալ Թուրքիայի հանդեպ որոշ քաղաքական նպատակ կամ բացասական նկատառումներ։ Ո՞վ պետք է Թուրքիայի նկատմամբ ունենա քաղաքական նկատառում, եթե ոչ թուրքահայերը եւ քրդերը»,-ասում է Հրանուշ Խառատյանը։
Խորհրդային միության տարածքում ավելի քան 50 դեպորտացիա է եղել, 1920-ից մինչեւ 1953 թվականը ավելի քան 45 հազար ընտանիք է դեպորտացիայի ենթարկվել Այս ցուցանիշը վերջնական չէ, կան պատմություններ, որոնց մասին Հայասատանի ազգային արխիվում տվյալներ չեն պահպանվել; Փոխարենը տեղեկություններ կան Ղազախստանի արխիվում, դրանց ուսումնասիրությունից հետո այս ցուցանիշը կավելանա։