«Դուք ժեկի պետի մոտ չէիք գնացել, մի՞թե խոսելու բան չկար» (տեսանյութ)
Մշակութային գործիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին 2016 թվականը: Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ այս տարի մեզանից պակասեց հայ մարդու արժանապատվությունը. «Հայ մարդն իր հանդեպ հարգանքը և հավատը կորցրել է: Եթե կարողանանք աստիճանաբար ազգային արժանապատվությունը վերականգնել, շատ բան տեղին կլինի: Այս վերջին տարիների դեպքերը անկման հասցրեցին մեզ, բերեցին մեր հավատի, վստահության կորստի, ամեն տեսակ արժեքների կորստի: Ուզում ես մարդկանց դեմքին մի ժպիտ որոնել, բարեկրթություն, բայց որտեղի՞ց, չես գտնի»,-ասաց նա: Գրականագետի խոսքով՝ նախքան մշակույթի նոր նախարարից պահանջելը, պետք է ինքներս մեր առջև պահանջներ դնենք. «Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի: Վատ գրականությունը չեն կարդում, վատ ներկայացման չեն գնում: Ու՞ր են այն լավ, բացառիկ ներկայացումները, որոնք պիտի ցնցեն հանդիսատեսին»: Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն էլ նշեց, որ անցնող տարին կորուստներով լի էր հայ ազգի համար. «Որովհետև արևի լույսի պես մեր ազգի զավակներին կորցրեցինք»: Ռեժիսորի խոսքով՝ մեր ազգը միամիտ է, բայց դա առիթ չպետք է տա ամեն մեկին վիրավորել մեր ազգին. «Շան որդի են նրանք, ովքեր վիրավորում են ամբողջ ազգին, փնովում: Ինձ համար ազգը երեխաներն են, եկող սերունդը»: Պարոն Վարդանյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի՝ Արցախում մտավորականների հետ ունեցած հանդիպմանը, նշելով. «Ինձ համար զարմանալի էր մտավորականների պահվածքը: Դուք Ժեկի պետի մոտ չէիք գնացել: Մի՞թե խոսելու բան չկար, չէի՞ն ուզում ասել այն բաների մասին, որոնք մեզ բոլորիս հուզում են»: Ասուլիսին ներկա՝ երաժիշտ Վահան Արծրունու համար տարին ազդակների տարի էր, հատկապես՝ իշխանության կողմից: Նա անդրադարձավ վերջերս իր՝ ԱԱԾ կանչվելուն՝ նշելով. «Ես հասկացա, որ մեզանից ոչ ոք պաշտպանված չէ այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվել են սովետական ժամանակներում, այսինքն՝ ուժային կառույցներից կարող են հրավիրել իբրև թե զրույցի, իսկ իրականում հարցաքննության»,-նշեց Արծրունին: Երաժիշտը հաջորդ տարվա համար կցանկանար, որ մշակութային ոլորտում վերանար տարանջատումը. «Կան մարդիկ, որոնք խիստ արտոնյալներ են, կան ոլորտներ, որոնք անսահման ֆինանսավորում են ստանում: Պետք է ոլորտում հավասար զարգացման պայմաններ ստեղծվեն»: