P. S. ռետրո. «Ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ» (տեսանյութ)
2001-ի սեպտեմբերի 11-ին Ամերիկայում տեղի ունեցած ահաբեկչությունն, ըստ քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանի, լրջորեն ազդել է հայկական ավիացիայի վրա. «Մենք ԱՄՆ կողմից եկող ուղեւորների քանակը զգալիորեն կրճատվել է, ֆինանսական տեսակետից մոտավորապես 1,5 միլիոն դոլար արժողության տոմսեր հետ են վերցրել»: Բուն ահաբեկչությունն, ըստ Հովհաննես Երիցյանի, աղետալի ազդեցություն չի ունեցել հայկական ավիացիայի վրա, մենք փոքր ավիացիա ենք, համաշխարհային դաշտից մի քիչ հեռու, չնայած դրան, մամուլը, ասենք, «Հայկական ժամանակը» գրում է, որ մեր ավիացիան 15 միլիոն դոլար պարտք է կուտակում. «Հայկական ժամանակը» ես իմ համար, ավիացիայի համար մամուլ չեմ համարում, որովհետեւ «Հայկական ժամանակը» ոչ մի ճիշտ տեղեկություն ավիացիայի մասին չունի»: Ուզբեկստանցի կթվորուհին էլ Անդրեյ Սախարովին էր քննադատում: Հայկական ավիացիայի պետը դրանից ի՞նչ պիտի եզրակացնի: Ինքն, իհարկե, Անդրեյ Սախարովը չէ: Բայց ինքն ամեն ինչ անում է ժողովրդի համար. «Էսպես է դրվածքը մեր ազգի, ինչ էլ անես, պիտի մի բան ասեն՝ կանգնում ես, ասում են՝ ինչի՞ ես կանգնել, նստում ես, ասում են՝ ինչի՞ ես նստել»: Հովհաննես Երիցյանը այն ժողովրդից չէ դժգոհ: Դժգոհ է նաեւ ինքնաթիռերից: Մեր ավիացիան 2001-ի աշնանը շահագործում է օդանավեր, որոնք դեռ Անկախությունից առաջ են թռել խորհրդային երկինքներով: Երիցյանն այդ ժամանակ էլ էր ղեկավարում հայկական ավիացիան. «Ես 90 թվականին այս ձեռքով ԻԼ-86 բերել եմ 112 բորտով Վորոնեժի օդանավակայանից»: Չնայած դրան, դեռ ոչ մի ինքնաթիռ մեր օդանավակայանից անսարք չի բարձրացել երկինք: Սակայն նրանց աղմուկը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Հովհաննես Երիցյանն ասում է, որ ռուսների ինքնաթիռներն էլ աղմուկի իմաստով տհաճ են եվրոպական երկինքներին: Այդ աղմուկը ենթադրում է հիշյալ ինքնաթիռների թռիչքի արգելք. «Եթե այդ դնեն այդ վետտոն, որ չթողնեն թռնեն աղմուկի համար, ապա 18-20 երկիր եվրոպական, որը որ օգտագործում է ռուսական ինքնաթիռներ, պիտի կանգնեն»: Հայաստանի բյուջեն թույլ չի տալիս խլացնել աղմուկները: Իհարկե, մեր օդանավակայանում մի Էյրբաս կա, որը չի աղմկում: Այն էլ կանգնած է Փարիզի օդանավակայանում ապահովագրական վճար չմուծելու պատճառով. «Հայկական ավիացիան ժամանակին մուծել է այդ գումարը, իսկ այն ընկերությունը, որը որ Հայաստանում է եւ ժամանակին պիտի մուծեր, չի մուծել, ինձ էլ Հայկական ավիացիային էլ համոզելով, որ այդ գումարը մուծված է: Ինքնաթիռը գնում է Պարիժ, մենք կարծում ենք, որ մուծել ենք իրականից, պարզվում է, որ մուծված չի»: Այս մարդուն մեղադրում էին, որ ինքնաթիռներում արգելել է հայկական ընդդիմադիր մամուլ տարածելը: Ինքը համաձայն է՝ նման բան կա: Այո, գրավոր հրաման է արձակել, որ ստուգեն եւ զեկուցեն, թե իշխանություններին քննադատող թերթերն ինչպես են հայտնվում օդանավերում. «Ես իմ հրամանը մի քիչ էլ մեղմ եմ տվել: Եվ մի քանի դասմոտրի աշխատողների էլ աշխատանքից պիտի հանեմ, թե ինչպես են սխալ թերթեր տարել ինքնաթիռ»: Այս հարցազրույցից մի քանի ամիս հետո Հովհաննես Երիցյանն ազատվեց աշխատանքից: Այս տարի հայտնի դարձավ, որ բազմաթիվ ընտանիքներ նրան մեղադրում են իրենց կտուրից զրկելու համար: «Ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ»,-անմիջապես արդարացել է այս մարդը: