Ասուլիս «Արմենիա Վայն»-ում, ապա՝ արտոնություն
Գործադիր մարմինն այսօր մաքսատուրքից ազատելու արտոնություններ տվեց «Արմենիա Վայն» ընկերությանը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշեց, որ այս արտոնությունը կնպաստի ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումքը և նյութեր: Նախագծի եզրակացության մեջ նշվում է, որ ներմուծվող հումքերն ու նյութերը չեն կարող ներմուծվել ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ «Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմում են՝ 1մլրդ 846 մլն ՀՀ դրամ։ Արտադրանքի իրացման ծավալները՝ 2 մլրդ 593 մլն, որից ՀՀ տարածքում՝ 1 մլրդ 738 մլն ՀՀ դրամ, ԵԱՏՄ այլ անդամ երկրներում՝ 724 մլն ՀՀ դրամ, երրորդ երկրներում՝ 131 մլն ՀՀ դրամ։Աշխատատեղերի քանակը՝ 144, միջին աշխատավարձը կազմում է 204.000 ՀՀ դրամ»,- նշեց Սուրեն Կարայանը եւ հավելեց, որ ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն ՀՀ դրամի ներդրում և նախատեսում է նոր ներդրումների իրականացում ներդրումային ծրագրի շրջանակում։ Հիշեցնենք, որ «Արմենիա Վայն» ընկերությունը պատկանում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եղբորը, իսկ Գյուղատնտեսության նախարարը օրեր առաջ հենց այդ գործարանում անցկացրեց իր տարեվերջյան ասուլիսը: