Կատարվածն ազդակ պետք է լինի ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետությունների համար. ՌԱԿ
Տավուշի մարզի Չինար գյուղի մոտ սույն թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած Ադրբեջանական բանակի դիվերսիան մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանի նենգ ու դավադիր քաղաքականությունը շարունակվում է և որ ապրիլյան իրադարձությունները դաս չեղան մեր թշնամու համար: Այդ իրադարձություններից հետևություններ չարեցին նաև միջազգային կազմակերպությունները՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը և ՀԱՊԿ մասնակից երկրները, դժբախտաբար: Տեղի ունեցածը ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական կայունության վրա, այն նաև պետք է ազդակ լինի ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետությունների համար, որպեսզի վերջիններս միահամուռ կերպով անաչառ արձագանքեն և դատապարտեն Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ կատարված ոտնձգությունները: Դիվերսիոն գործողությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ազդաշան է, որ հարձակում է իրականացվել Հայաստանի Հանրապետության վրա, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ը, ելնելով այդ կազմակերպության կանոնադրությունից, պետք է իր վճռական դիրքորոշումը հայտնի, հակառակը կնշանակի, որ այդ կառույցը շարունակում է իր անողնաշար քաղաքականությունը: ՌԱԿ Կենտրոնական վարչությունը մեկ անգամ ևս կոչ է հանում համայն հայությանը միավորվել Հայրենիքի շուրջ և շարունակական ջանքեր գործադրել ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության բարձրացման համար: Այս պահին խիստ կարևոր է նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին բարձրաձայնել միջազգային շրջանակներում և առաջին հերթին դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության դեմ մեկ այլ անդամ երկրի՝ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտելու ու կարգի հրավիրելու պահանջով: ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սգում է զոհված հայ զինծառայողների կորուստը և կիսում նրանց ընտանիքների ու հարազատների ցավը: ՌԱԿ Կենտրոնական վարչություն