Սեֆիլյանի գործով կալանավորվածը կարող է ջրադուլ սկսել (տեսանյութ)
«100- ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը կարող է ջրադուլ սկսել: «Ցանկանում է, որ խնդիրը լուծվի եւ իր նկատմամբ ընտրված ապօրինի խափանման միջոցը փոխվի»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Գործով նախաքննությունն ավարտվել է։ Մինչեւ փետրվար պաշտպաններին ժամանակ է տրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: «Չի բողոքում՝ ինչու երկարեց, բայց բողոքում է, թե ինչու հատկապես վերջին խափանման միջոցի երկարացումը իր դեպքում կիրառվեց: Ըստ օրենքի՝ խափանման միջոցի երկարացման բացառապես միակ հիմքը նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունն է: Ներսես Պողոսյանի դեպքում միջնորդություն չի եղել, եղել է մեկ գրություն, թուղթ»,- ավելացրեց պաշտանը: Հաշվի չառնելով այս հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Հենց դրանից վրդովված էլ Ներսես Պողոսյանը հացադուլ է սկսել: Արդեն 7 ամիս կալանավայրում գտնվողը մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար: «Բայց նշվել է, որ չի անդամակցել որեւէ խմբի, հրաժարվել է հանցանք գործելուց» Այս տարի ընտանիքն առաջին անգամ առանց Ներսեսի է դիմավորելու Նոր տարին: «Մեր ընտանիքը թերի է լինելու, շատ կարեւոր բաղկացուցիչ մասից ես կասեի՝գլխավոր»,- ասում է Ներսեսի կինը՝ Լիա Պողոսյանը: Իսկ Ներսես Պողոսյանի երեք անչափահաս որդիները Ձմեռ պապիկից որպես նվեր խնդրել են հայրիկին տուն բերել: