«ՀԱՊԿ գործողությունները ճգնաժամի մեջ են» (տեսանյութ)
Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի դիվերսիոն ներթափանցումը կոնկրետ պատճառներ ունի։ «Մեսիջներն այն են, որ ՀՀ-ն չպետք է չափից ավելի ՀԱՊԿ վրա հույս դնի: Թշնամին փորձում է գործել ցածր մակարդակի էսկալացիայի, դիվերսիոն գործողությունների, դիպուկահարների գործողությունների արդյունքում»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: ՀԱՊԿ մեր անդամակցությունը ՀՀ-ՌԴ հարաբերություններում ընդամենը ածանցյալ դերակատարում ունի. մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ից ակնկալիքներն ավելի մեծ են՝ ռազմատեխնիկական եւ անվտանգության երաշխիքները: «ՀԱՊԿ-ն ոչ միայն արցախյան հակամարտության եւ հարավկովկասյան տարածաշրջանում ունի խնդիրներ. ՀԱՊԿ գործողությունները ճգնաժամի մեջ են ոչ միայն կենտրոնական Ասիայում, այլև ՌԴ-Բելառուս շրջանակներում»,- ընդգծում է քաղաքագետը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե խիստ մտահոգված են տեղի ունեցածով եւ ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում են որպես սադրանք՝ մասնավորապես այս տարվա ապրիլին ԼՂՀ-ում բավականին ծանր միջադեպի ֆոնին: «Այն խնդիրները, որոնք կան այս՝ տակտիկական մակարդակում, իրապես չեն պահանջում ՀԱՊԿ ներգրավվածություն ամբողջությամբ: Դրա հետ մեկտեղ պարզ է՝ եթե ՀՀ-ն դիմի ու ՀԱՊԿ արձագանք չլինի, ապա դա կնշանակի ՀԱՊԿ փաստացի մահ: ՀՀ-ն նաեւ շատ լավ հասկանում է, որ դա խնդիրներ կստեղծի ոչ միայն հայ-ռուսական, այլեւ ՌԴ համար է խնդիրներ է ստեղծում»,- նկատում է Սերգեյ Մինասյանը: Տավուշի ուղղությամբ ծավալված այս գործողություններով Ադրբեջանը ցանկանում էր ցույց տալ, թե ցանկացած պահի հակամարտությունը կարող է ծավալել նաեւ ՀՀ սահմանի երկայնքով: Արցախյան պատերազմի մասնակից, գրականագետ Վարդան Դեւրիկյանը եւս այստեղ ՀԱՊԿ գործոնն է տեսնում.«Այն ենթատեքստով, որ ՀԱՊԿ կողմից զսպիչ գործոն դա չի կարող լինել: Պարզապես մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, որ սահմանի մեզ վիճակված տեղամասը պահպանելու համար ու սա է առաջնային խնդիրը»: Ադրբեջանն այսպիսով նաեւ ցանկանում է տպավորություն ստեղծել, թե չի հաշտվել 1994թ. ձեռք բերված ստատուս քվոյի հետ, իսկ դրա դրսեւորման լավագույն ժամանակահատվածը նա սովորաբար ընտրում է տոներից առաջ: «Ինձ՝ որպես հայ տղամարդ, ոչնչացված, նվաստացած եմ զգում տեղի ունեցածի համար. մեր ազգային արժանապատվությունն այսօր մի անգամ եւս վիրավորվեց, քանի որ կորցրինք 3 զինծառայող: Պարադոքսալ բան կա՝ թույլին չեն օգնում, ուժեղին են օգնում, հետեւաբար, ինչան ուժեղ լինենք, այնքան աջակցություն կստանանք»,- նշեց Վարդան Դեւրիկյանը: Վերլուծաբանները տեղի ունեցածը դիտարկում են նաեւ քաղաքական տեսանկյունից՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը բացասաբար չի անդրադառնա ՀՀ քաղաքականության համատեքստում, սակայն զսպման մեխանիզմները պետք է կիրառվեն համակարգային ձեւով: