Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունից մեկը չասաց՝ տեսնենք այս կանայք ինչու են գալիս» (տեսանյութ)

Հասարակություն
kari-fabrika

«Կոնտինենտտէքս» ընկերության աշխատակիցները ոստիկանությունից պահանջում են իրենց 7 ամսվա աշխատավարձը: Այսօր կարի արտադրամասի աշխատակիցներից 3-ը լրագրողների միջոցով կրկին բարձրաձայնեցին խնդրի մասին. «Գործարանը լուծարվել է 2013 թվականին: Արդեն չորս տարի է՝ մեր յոթ ամսվա աշխատավարձերը, նաև վերջնահաշվարկները չեն վճարում: Տարբեր պաշտոնյաների հետ ենք հանդիպել: Ոչ ոք չի ասում՝ չեք ստանալու ձեր աշխատավարձերը: Տվեցինք դատարան, դատարանը որոշեց, որ գործարանն իր գույքը  պետք է վաճառի և տա մեր գումարները: Բայց այնտեղ գույք չկա»,-ասաց գործարանի  նախկին աշխատողներից Գոհար Թամամյանը՝ հավելելով, որ գործարանի տնօրենը՝ Սամվել Բեկչյանը, հետախուզման մեջ է: «Ասե՞ղ է, որ կորավ՝ չեն կարողանում գտնել: Էդքան հավաքվեցինք կառավարության մոտ, մեկ անգամ չասացին՝ իջնենք, տեսնենք այս կանայք ինչու են ամեն օր գալիս:  Կոնկրետ իմ պարտքը կազմում է 730 հազար դրամ, դրան գումարած՝ վերջնահաշվարկը, որը 300 հազար դրամ է: Ես 60 անց կին եմ,  թոշակառու, ինչքա՞ն պետք է սպասեմ այդ գումարին, թողնու՞մ եմ իրենց ժառանգներին»,-դժգոհեց աշխատակիցներից Հայկանուշ Գալստյանը: Կանանց խոսքով՝ կարի արտադրամասը հարկային ծառայությանը 53 միլիոն դրամ պարտք է, իսկ 126 աշխատակիցների պարտքը կազմում է 15-20 միլիոն դրամ. «Չնչին գումար է, ոստիկանությունը ցույց է տալիս, թե ինչ խղճալի վիճակում է»,-նշեց տիկին Գալստյանը: Հավելենք, որ «Կոնտինենտտէքսը » եղել է պետական հիմնարկ, կարել է ոստիկանության ներքին զորքերի համազգեստը, այժմ այդ պարտականությունները տրված են մասնավոր ընկերության: