ԱՄԵՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄիջպետական բանկի աջակցությամբ Հայաստանում այս տարի իրագործվել է ավելի քան 50 ծրագիր ու ներդրվել մոտ 110 միլիոն ԱՄՆ դոլարի կրեդիտ:
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Երեւանում տեղի ունեցած Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 33-րդ նիստից հետո:
Նիստի ընթացքում ներկայացվել ու քննակվել են կրեդիտային քաղաքականությանը վերաբերող հարցեր, նորաստեղծ Եվրասիական Զարգացման բանկի հետ համագործակցության հեռանկարները:
ԿԲ նախագահի վստահեցմամբ, ներդրված 110 միլիոն ԱՄՆ դոլարի չափով «հուսալի կրեդիտից» տարեկան 9-12,5% տոկոսադրույքով բաժին է հասել Երեւանի քաղաքապետարանին՝ ավտոբուսներ գնելու համար, էներգետիկ բնագավառին, Մեծամորի ատոմակայանին, «Նաիրիտ»-ին: Վերջինիս ֆինանասավորման գործում բանկն ակտիվ դերակատարություն ունի: Ուստի նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել «Նաիրիտ»-ին վերաբերյալ ու քննարկել այդ Միջպետական բանկի նախագահ Անատոլի Տուկադձեի հետ: 70 միլիոն ԱՄՆ դոլարի կրեդիտի մի մեծ մասն, ըստ Տիգրան Սարգսյանի, արդեն ներդրվել է:
Ներդրումային ծրագրերի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանի խոսքերով, նիստի ընթացքում ընդհանրապես քննարկում չի եղել, քանի որ այդ խնդիրները կարգավորվում են պետական մակարդակով ու չեն վերաբերում Միջպետական բանկին:Ռուսաստանի Դաշնության ԿԲ նախագահ Սերգեյ Իգնատեւն իր կողմից գովաբանեց ՀՀ ԿԲ-ին՝ նշելով, որ այն ամենակազմակերպված բանկն է եւ Միջպետական բանկի հետ ամենաակտիվ համագործակցողը:
ՀՀ ԿԲ-ն, ըստ Սերգեյ Իգնատեւի, կարողացել է ճնշել ինֆլյացիան, բարձրացնել տնտեսության աճի տեմպերը, արժեւորել ազգային փոխարժեքը, ինչը Ռուսաստանում բավականին բարդ գործընթաց է եւ ժամանակ է պահանջում:
Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Անվար Սայդենովն էլ նշեց, որ իրենց մոտ սղաճը բավականին բարձր է՝ նախորդ տարվա պետության սահմանած 7,6%-ի փոխարեն գրանցվել է 8,5% սղաճ: Այս ցուցանիշը պայմանավորում է ինչպես նավթի բարձր գինը, այնպես էլ Ղազախստանում մեծ դեր ունեցող Ազգային ֆոնդը, որը սնվում է նավթային հարկերով: Ըստ Անվար Սայդենովի, Ազգային ֆոնդը տարեկան 12 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ ունի, իսկ ամսեկան աճը կազմում է 300-400 միլիոն ԱՄՆ դոլար: