Ռիչարդ Միլսը չի հայտնվել Թրամփի ցուցակում (տեսանյութ)
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի պաշտոնավարումը։ Նա չի հայտնվել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ արված դեսպանների ցանկում։ «Ցանկացած պահի կարող են ասել, որ լիազորություններս վայր դնեմ։ Միացյալ նահանգների ցանկացած դեսպան ծառայում է երկրի նախագահին։ Բայց այս անգամ նման պահանջ չի եղել, իմ պաշտոնավարումը վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ որևէ բան չկա։ Դրա հետ կապված ես ուրախ եմ, որովհետև այստեղ՝ Միացյալ նահանգների դեսպան լինելը լավագույն գործն է, բայց խնդրում եմ այս մասին այստեղ -այնտեղ չասեք»։ Դեռևս հայտնի չէ նաև Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության փաստի նկատմամբ։ «Պարոն Թրամփն իր ընտրարշավի ժամանակ որևէ անդրադարձ չի կատարել։ Առայժմ վաղ է, որ ես կարողանամ ասել, թե ինչպիսի կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի, այդ թվում այս հարցի վերաբերյալ»,- ասում է ԱՄՆ դեսպանը։ Ռիչարդ Միլսն այսօր հայ և թուրք ֆոտոլրագրողների աշխատանքների ցուցահանդես էր այցելել։ «Կամրջելով պատմությունները» խորագրի ներքո ներկայացվող լուսանկարները երկու հարևանների առօրյան են պատկերում։ Ցուցադրությունը Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատունն է հովանավորում։ «Այս ցուցահանդեսը կարևոր է նրանով, որ ցույց է տալիս թե ինչքան ընդհանրություններ կան հայ և թուրք ժողովուրդների միջև։ Եվ այդ ընկալումը կարող է հանգեցնել հաշտեցման, որը մենք ցանկանում ենք տեսնել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Հաշտեցման համար կարևոր է, որ լինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական և լիարժեք ճանաչում»,- ասում է Ռիչարդ Միլսը։ 24 լուսանկարիչները շրջել են Հայաստանով ու Թուրքիայով՝ փորձելով հասկանալ, ի՞նչը կարող է մոտեցնել երկու հարեւաններին։ «Մեր ժողովուրդներին մոտեցնում է ուղղակի մարդ լինելը։ 17։28 «Ամեն ինչ կարելի է հաղթահարել սովորական մարդկային զրույցի և վերաբերմունքի միջոցով»,- կարծում է Անուշ Բաբաջանյանը։ Լուսանկարները կցուցադրվեն Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մինչև փետրվարի 7-ը։