Առաջարկվում է կռփազենք կրելու համար չդատել զինվորներին (տեսանյութ)
Փաստաբան Վրեժ Խաչիկյանն իր անհանգստությունն է հայտնում ապագա զինվորների նկատմամբ հարուցվող քրեական գործերի առնչությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանը նշեց, որ կան դեպքեր, երբ քրեական գործ հարուցելու կարիք չկա, բայց միևնույն է՝ նորակոչիկին դատվածությամբ ուղարկում են բանակ. «Օրինակ՝ կռփազենք կրելը, որը ազատ վաճառվում է Վերնիսաժում, տարբեր խանութներում: Եթե այն հայտնաբերվում է նորակոչիկի գրպանում, սառը զենք կրելու հոդվածով քրեական գործ են հարուցում, մինչդեռ կարող են կարճել, քանի որ օրենսգիրքը թույլ է տալիս: Ասենք՝ մարզիկ է, կռփազենքը կրել է գրպանում, ոչ մի հանցագործություն չի կատարել, բայց դատվածությամբ ուղարկում են բանակ: Այնտեղ արդեն փոքր առիթի դեպքում իսկ տվյալ զինվորը ազատազրկման է դատապարտվում: Մեր խնդրանքն է, առաջարկը գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի ցուցում տան նմանատիպ քրեական գործերը չուղարկել դատարան, այլ գործը կարճել»,-ասաց Խաչիկյանը՝ հավելելով, որ անցած տարի 59 նորակոչիկ է նմանատիպ դատվածությամբ զորակոչվել բանակ: Ասուլիսին ներկա՝ իրավաբանական հոգեբան Անի Ապիտոնյանն էլ նշեց, որ նորակոչիկները դեռևս անցումային տարիքում են գտնվում, ամբողջովին ձևավորված չեն, ուստի շատ խոցելի են. «Երբ անչափահասը ընտանիքում կամ դպրոցում չի կարողանում ինքնահաստատվել, փորձում է դա անել նան զենք կրելով կամ վեճերի բռնվելով, որպեսզի ցույց տա, որ կայացած է: Այդ տարիքում շատ հեշտ է հանցագործություն գործելը: Բայց, միևնույն ժամանակ, երբ մարդը դատապարտվում է, սկսում է օտարանալ հասարակությունից, պետությունից, բանակից»: Մասնագետները հավելեցին, որ լավ կլիներ, որ ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ բանակում հաշտության ինստիտուտը գործեր: