«Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ»
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր բենզին եւ դիզելային վառելիք ներկրող «Ֆլեշ» եւ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերություններին, «Երեւանի կոնյակի գործարանին», քիմմաքրման «Նյու-Շահաբ» ընկերությանը եւ շաքարավազ ներկրող «Սալեքս Գրուփին» ճանաչեց շուկայում գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտներ:
Ըստ հանձնաժողովի տվյալների` «Բենզին»-ի շուկայում 2005 թ. գործել է 8, իսկ 2006 թ. առաջին կիսամյակում՝ 7 տնտեսվարող սուբյեկտներ: Հայաստանում 2005 թ. բենզինի իրացման ընդհանուր ծավալը կազմել է 186397,5 տոննա: Իրացման ծավալով առաջատարը «Ֆլեշն» է՝ 35.5%: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը 2006 թ. առաջին կիսամյակում կազմել է 71747,4 տոննա, տվյալ ժամանակահատվածում առաջատարներն են՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն 44.1% բաժնով եւ «Քաղ Պետրոլ Սերվիս» արտադրական կոոպերատիվը՝ 40.4% բաժնով, հետեւաբար նշված ժամանակահատվածի տվյալներով, «Ֆլեշը» եւ «Քաղ Պետրոլ Սերվիսը» ունեն գերիշխող դիրք:
«Ֆլեշ» ընկերության փոխնախագահ Մուշեղ էլչյանի հավաստմամբ, 2005թ. հուլիսից բենզինի, դիզելային վառելիքի վաճառքն իրենք իրականացնում են ապրանքային բորսային գներով, «որտեղ ամենաէժան գներն են ու ամենաազատ շուկայական հարաբերությունները»:
«Հանրապետության տարածքում 3-4 սեփական լցակայան ունենք, մյուս լցակայանների հետ աշխատում ենք պայմանագրային հիմունքներով: Ինչ վերաբերում է անհատ վաճառողներին, նրանք մեր հարկային դաշտում չեն ու իրավասու են դնել իրենց գները: Բենզինի գների իջեցման առաջին քայլը միշտ մենք անում: Բոլորը նայում են «Ֆլեշ»ին՝ նա իջեցրեց, բոլորն իջեցնում են»,- ասում է Մուշեղ Էլչյանը:
Ըստ նրա, փոքր ձեռնարկությունները չեն կարող զբաղվել դիզելային վառելիքի ու բենզինի ներկրմամբ, քանի որ դրա համար պետք է ունենալ համապատասխան ստրուկտուրաներ, պահեստարաններ եւ այլն: «Այսօր Ռուսաստանի տարածքում դիզելային վառելիք սպասարկում են 2-3 խոշոր ձեռնարկություններ: Որակյալ վառելիք ներկրելու համար պետք է համագործակցել դրսի խոշոր ձեռնարկությունների հետ, որպեսզի հնարավոր լինի համապատասխանել եվրոպական ստանդարտներին»,- ասում է «Ֆլեշ» ընկերության փոխնախագահը: Վառելիք ներկրող մի շարք խոշոր կազմակերպություններ եւս, ըստ նրա, չեն դիմանում այս դաշտի բարդություններին ու թողնում են այդ ոլորտը: Ինչպես օրինակ, «Միկա Լիմիթեդ»-ը, որն իր կապիտալն ավելի հարմար գտավ ներդնել ցեմենտի արտադրության մեջ: «Ո՞վ կարող է Բաղդասարովի դեմ սահամանափակում դնել: Մի քանի տարի առաջ նա էր գերիշխող դիրքում, այսօր՝ մենք»,- նկատեց է Մուշեղ Էլչյանը:
Երեւանի կոնյակի գործարանի ներկայացուցիչ Հասմիկ Մարությանը եւս համաձայն չէր հանձնաժողովի որոշման հետ եւ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այդ հարցը դեռ քննարկման ենթակա է: Ի դեպ, գործարանի արտահանման ծավալն այս տարի կազմել էր 46,4 տոկոս: «Մենք դեռ կքննարկենք, թե ինչ կարգով է ընտրվել գին հասկացողությունն ընդհանրապես, որի պատճառով մեզ ընդունեցին գերիշխող դիրքում»,- ասում է Հասմիկ Մարությանը: Իսկ դրամի արժեւորումն ընկերության արտադրանքի ինքնարժեքի վրա այնքան չի ազդել, որքան վաճառքի գնի վրա: Կոնյակի ինքնարժեքը, ըստ նրա, կախված է խաղողից, որը գնում են դրամով, իսկ քանի որ արտադրանքի մոտ 90 տոկոսը արտահանվում է եւ վաճառվում ԱՄՆ դոլարով, ընկերությունը բավականին տուժել է: