«ՍԱԼԵՔՍ-ԳՐՈՒՓ» -Ը ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԻ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն` 2006 թ. առաջին կիսամյակում Հայաստան շաքարավազ ներկրվել է 24 տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ 33 743,4 տոննա, արտադրվել է` 601,8 տոննա, սեփական արտադրության մեջ օգտագործվել՝ 2 131,2 տոննա եւ իրացվել է՝ 29 208,1 տոննա: Տեղական արտադրության շաքարավազն իրացման ընդհանուր ծավալում կազմել է 1,5 տոկոս:
«Շաքարավազ» ապրանքային շուկայում իրացման առավել մեծ ծավալ ունի «Սալեքս Գրուփ» ՍՊԸ-ն, որի բաժինը կազմում է 91,4 տոկոս: Այսինքն, ընկերությունը շուկայում ունի գերիշող դիրք: Հանձնաժողովի՝ 2005 թ. հունիսի 1-ի որոշմամբ «Ֆլիտֆուդ» ՍՊԸ-ն շաքարավազի շուկայում 2004 թ. տվյալներով համարվել է գերիշխող դիրք ունեցող (իրացման ծավալներով գրավել է շուկայի 99,4 տոկոսը՝ չհանդիպելով որեւէ էական մրցակցության) եւ գրանցվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում): Իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Ֆլիտֆուդի» մասնաբաժինը շուկայի ընդհանուր ծավալում կազմում է 7 տոկոս:
«Սալեքս Գրուփը» «Շաքարավազ» ապրանքային շուկայում ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող եւ գրանցվել համապատասխան գրանցամատյանում: Ինչպես նաեւ՝ «Ֆիլտֆուդին», որպես նույն շուկայում գերիշխող դիրքը կորցրած տնտեսվարող սուբյեկտի, հանվել գրանցամատյանից: