Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոներին գովերգում են կնոջը, մյուս օրերին՝ բռնության ենթարկում (տեսանյութ)

Հասարակություն
tatoyan

Հայաստանում սպանությունների 17%-ը ընտանիքում է կատարվում։ Ընտանեկան բռնության դեպքերից շատերը մնում են տան պատերի ներսում։ «Մենք ունենք դեպքեր, երբ սպառնալիքի պատճառով երեխան կարող է շաբաթներով դպրոց չհաճախել, կամ սպառնալիքի պատճառով երեխան սթրեսային լուրջ վիճակների մեջ է հայտնվում, այդ պարագայում ինչպե՞ս ենք պատկերացնում երեխայի նորմալ զարգանալը»,- ասում է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հայաստանում այդպես էլ Ընտանեկան բռնության մասին օրենքը չի ընդունվում։ Այն կրկին ուղարկվել է մշակման։ Այդ  օրենքին ընդդիմացողները պնդում են՝ այն կքանդի հայկական ընտանիքը, և նպատակ կա երեխային օտարել ընտանիքից։ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ասում է. « Ամբողջ պատասխանատվությամբ ասեմ, որ օրենքի նախագիծը որևէ նման մեխանիզմ կամ որևէ արտառոց կարգավորում չի նախատեսում»։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը համակարծիք է. «Օրենքի նպատակն ամենևին ընտանիքներին խառնվելը չէ, օրենքի նպատակը պարզապես կանխարգելել ցանկացած բռնություն»։ Ինչպես ապրել մի ընտանիքում, որտեղ դու քեզ լիարժեք մարդ չես համարում։ Հարց է բարձրացնում ընտանեկան բռնության զոհ դարձած կինը՝ Հասմիկ Խաչատրյանը. «Երբ որ չնչին կենցաղային հարցերի շուրջ  ծեծում էր ամուսինս, իրենց ընտանիքի անդամներն արդարացնում էին ամուսնուս և ասում, որ այդ ամենի պատճառը ես եմ»։ Ամուսնու ծեծից ու մյուսների վատ վերաբերմունքից Հասմիկը երբեմն պաշտպանվում էր հայրական տուն գնալով։ Սակայն 9 տարի էր անհրաժեշտ՝  ուժ գտնելու և հեռանալու բռնարար ամուսնուց։ «Ոստիկանության աշխատողների հեգնական ու ստորացուցիչ խոսքերը, առաջին ատյանի դատավորի մեղադրական հայացքն ու հարցադրումները, նույնիսկ Վերաքննիչ դատարանի դատավորների խոսքերը, որոնք հիմա ծիծաղելի են, ինձ հարցրեցին՝ մի կտոր հացի համա՞ր ես մնացել։ Հիմա կարող եմ պատասխանել, որ այո, կինը մնում է նաև մի կտոր հացի համար»,- ասում է Հասմիկ Խաչատրյանը։ Երեւանում կազմակերպված միջազգային համաժողովում Ընտանեկան բռնությունից տուժած անձիք ներկայացնում էին լռությունը խախտելու և արդարության հասնելու իրենց փորձը: Միջոցառմանը, որը  համատեղ կազմակերպել էին  Եվրոպայի խորհուրդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, ներկայացվում էր նաեւ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եվրոպական փորձը։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրդելի Բուզետտոն ասում է. «Պետք է ընդունենք, որ կարծրատիպերը վտանգում են Հայաստանի զարգացմանը։ Օրենքի ընդունումը կարող է իրավիճակը դեպի դրական հուն տանել»։ Միջազգային կառույցների ներկայացուցիչները տեղյակ են «Ընտանեկան բռնության  մասին»  օրինագծի շուրջ հայաստանյան տեսակետներին։ Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասում է. «Ընտանեկան  բռնության օրենքի ընդունումը Արևմուտքի կողմից Հայաստանին պարտադրվող երևույթ չէ։ Այն հատուկ է շատ երկրների։ Ինչի՞ համար տոներին գովերգել մորը կամ կնոջը, բայց հաջորդ օրերին բռնություն կիրառել նրա նկատմամբ»։ Օրենքի ընդունման պարագայում բռնության ենթարկված անձինք ապաստան կգտնեն կացարանում մինչև խնդրի դատական հանգուցալուծումը։ Բացի այդ՝ բռնարարը կարժանանա քրեական խիստ պատիժների։