Միայն մեկ անձ է ցուցմունք տվել ցուցարարի դեմ (տեսանյութ)
Խորենացիի դեպքերով մեղադրվող Արման Առաքելյանի գործն այսօրվանից քննվում է Արարատ Խանդոյանի գործից անջատ։ Սակայն նրա մեղադրանքը չի անհատականացվել: «Չի հիմնավորվում, որ կոնկրետ Արման Առաքելյանի կողմից են այդ անձինք մարմնական վնասվածքներ ստացել, նաեւ մի քանի միլիոնի վնասի հատուցում է ներկայացվել»,- «Ա1+»-ին ասաց Արման Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Խորենացիի դեպքերով 46 ոստիկան է տուժող ճանաչվել: Կենտրոնի դատարանում այսօր մեղադրողը ընթերցեց փորձագետների եզրակացությունը տուժած ոստիկանների վերաբերյալ։ «Գեղամ Մուրադյանը նշել է, որ վնասվածքը ստացել է քարով որովայնին հարվածելու արդյունքում: Սարգիս Հովհաննիսյանը հայտնել է, որ ցուցարարների կողմից քարով հարվածներ է ստացել աջ ոտքին: Ոստիկանության աշխատակից Եղիշ Հակոբյանը նույնպես նշել է, որ քարով հարված է ստացել իր աջ ոտքին»,- ընթերցեց մեղադրող Հայկ Պետրոսյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ զանգվածային անկարգությունների ընթացքում Արման Առաքելյանը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ոստիկանության աշխատակիցներին: Ընդամենը մի վկա է ցուցմունք տվել Արման Առաքելյանի դեմ: «Մեղադրանքի հիմքում չի կարող միայն մեկ ցուցմունք դրվել: Սա պարզապես աբսուրդ է»,- ավելացրեց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Դատական հաջորդ նիստին՝փետրվարի 14-ին, դատարանում կհարցաքննվի Արման Առաքելյանի դեմ ցուցմունք տված Էլմիրա Հովհաննիսյանը: