ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին
2016 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռևս 2016 թ. դեկտեմբերի 8-ին: Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին և ստորագրվել 2017 թ. հունվարի 14-ին: Օրենքի նախագծի վերաբերյալ Կազմակերպության գնահատականները հրապարակվել են 2016 թ. դեկտեմբերի 5-ին, իսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը օրենքի նախագծի վերաբերյալ իր Եզրակացությունն ընդունել է 2016թ. դեկտեմբերի 9-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում Հանձնաժողովի լիագումար նիստում: ԵԽ գլխավոր քարտուղարը իր նամակում հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները և քարտուղարությունը, որոնց նույնպես ուղարկված է եղել Զեկույցը, «շատ օգտակար են համարել» այն: Միաժամանակ պարոն Թորբյորն Յագլանդը իր նամակում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մի շարք դրույթներ: Մասնավորապես, ԵԽ գլխավոր քարտուղարը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովի իր Եզրակացությամբ համարել է, որ «օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին, սակայն ներկայացրել է մի շարք կարևոր հանձնարարականներ, որոնք hարկավոր է հաշվի առնել»: ԵԽ գլխավոր քարտուղարն իր նամակում կարևորում է Վենետիկի Հանձնաժողովի հետևյալ հանձնարարականը. «ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի թափանցիկ մրցակցային ընտրությունը, ինչի շրջանակներում հարկավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների առաջարկությունները՝ բարձր որակավորում ունեցող թեկնածուի ընտրության հնարավորություն ստեղծելու և գործընթացի օրինականությունն ապահովելու համար»: Ամբողջական հոդվածը` այստեղ