Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսինե Խանջյանը հնարավոր է ներկայանա դատարան (տեսանյութ)

Հասարակություն
e291b8f61b3d72f4e1e7a64435560cb9

Ոստիկանությունը առաջարկում է կարճել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցը: Դերասանուհին դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, ինչպես նաեւ  բարոյական վնասի փոխհատուցում: Արսինե Խանջյանին առանց պատճառաբանության Խորենացի փողոցից բերման էին ենթարկել եւ ձերբակալել Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին։ Նա գնացել էր հավաքին մասնակցելու, ինչպես նաեւ դրա վերաբերյալ ֆիլմ պատրաստելու համար: Սակայն հայտնվել էր  Ոստիկանության զորքերի զորամասում: « Միջամտություն է իրականացվել  ոստիկանության կողմից Արսինե Խանջյանի խաղաղ հավաքներ անցկացնելու եւ դրանց մասնակցելու իրավունքին, նրա խոսքի ազատության իրավունքին, անձնական անձեռնմխելության եւ ազատության իրավունքին, պաշտպան ունենալու եւ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին, անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքին: Խտրական վերաբերմունքի զոհ է դարձել Արսինե Խանջյանը»,- ասաց պաշտպան Տիգրան Եգորյանը: Վարչական դատարանի դատավոր   Կարեն Ավետիսյանը  այս գործով թույլ չտվեց տեսանկարահանում անցկացնել:  Իսկ ոստիկանության ներկայացուցիչը  հայտարարեց, որ այս հայցը Վարչական դատարանի քննության ենթակա հայց չէ եւ անհրաժեշտության դեպքում պետք է քննվի քրեական  վարույթի շրջանակներում: Փաստաբան Տիգրան Եգորյանի համար անհասկանալի է ոստիկանության նման միջնորդությունը: Ըստ նրա՝ 2013 թ-ից  սկսած, երբ որոշակի պրոցեսներ են ընթացել,  բազմաթիվ անձինք են բերման ենթարկվել եւ այդ գործողությունները վիճարկվել են նույն  Վարչական դատարանում: «Բազմաթիվ գործերում մենք վարչական դատարանում հասել ենք հաջողության,  ոստիկանների գործողությունները ճանաչվել են ոչ իրավաչափ: Բազմաթիվ գործերով ստացել ենք նաեւ դատական ծախսերի փոխհատուցումներ, բոլոր հաղթած գործերով ձեռնամուխ ենք եղել նաեւ բարոյական վնասի փոխհատուցմանը: Պարտված գործերը ուղարկվել են եւ դեռ ուղարկվում են Եվրոպական Դատարան»: Ըստ պաշտպանի՝  ոստիկանությունը դատարանի իրավազորությունը շատ վաղուց կասկածի տակ չի դրել եւ նման դիրքորոշում չի  հայտնել: Փետրվարի 28-ին  կայանալիք նախնական դատական նիստին հայցվոր կողմը առավել մանրամասն կհայտնի  իր դիրքորոշումը: Իսկ արդեն դատաքննությանը չի բացառվում, որ դատարան ներկայանա նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջանը: unnamed