Խնամատարն այլընտրանք է հաստատությանը, ոչ թե ընտանիքին (տեսանյութ)
Երեխան ավելի շատ շանսեր ունի որպես անհատ կայանալու և հասարակության լիիրավ անդամ դառնալու, եթե ընտանիքում է մեծանում։ Մանկատան կամ գիշերօթիկի աշխատողներն ինչ որակավորում եւ մոտեցում էլ որ ունենան, ընտանեկան միջավայրն անփոխարինելի է։ «Ամենամեծ տարբերությունը սա է՝ ընտանեկան խնամքի ապահովումը, որը մանկատան պայմաններում ցավոք սրտի հնարավոր չէ»,- ասում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը։ Հայաստանում արդեն երեք տարի է՝ գործում է խնամատար ինստիտուտը։ Դրա ներդրումը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՄՆ Միջազգայի զարգացման գործակալության և Սոցապնախարարության կողմից է իրականացվում։ Կյանքի դժվարին իրավիճակներում կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխան ուղարկվում է խնամատար ընտանիք։ Այստեղ նա ստանում է ծնողական դաստիարակություն, սեր ու ջերմություն։ 18 տարին լրանալուն պես հետ է ուղարկվում կենսաբանական ընտանիք։ «Փորձը ցույց է տալիս, որ կան որոշ երեխաներ, ում վերադարձը կենսաբանական, խնամակալական ընտանիքներ վերադարձնել հնարավոր չէ՝ ամենատարբեր պատճառներով՝ ընտանիքի ոչ պատրաստ վիճակ երեխային հետ ընդունելու, ընտանիքի խիստ խոցելի վիճակ»,- ասում է պարոն Խեմչյանը։ Հայաստանում այս պահին 25 խնամատար ընտանիք կա։ Նրանցից յուրաքանչյուրն ամսական ստանում է 130 000 դրամ գումար։
Առաջիկայում այս ընտանիքների թիվը մեծացնելու նպատակ է դրված։ Խնամատար ընտանիքներն ընտրվում են հստակ չափորոշիչներով։ Երեխային ընդունելու պատրաստ ծնողները վերապատրաստվում են՝ ստանում հատուկ գիտելիքներ։ Բայց այստեղ էլ կան մտահոգություններ։ Քննադատները գտնում են՝ խնամատարության ինստիտուտի ամրապնդմամբ կանխվում է երեխայի հետ վերադարձը խնամակալ ընտանիք։ Հայկ Խեմչյանն ասում է.
«Սա բոլորովին այսպես չի։ Մեզ համար կարևոր բանաձևն այն է, որ խնամատարությունը ոչ թե ընտանիքի այլընտրանք է, այլ խնամատարությունը հաստատության այլընտրանք է երեխայի համար։ Եվ բոլորովին չի նշանակում ընդլայնել խնամատարության ծածկույթը, մենք առաջարկում ենք դա անել խնամատար ընտանիքի հաշվին»։ Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը գերագույն նպատակ չէ, սակայն այս պահին այն այլընտրանք չունի։
«Առաջին հերթին խնամատարության նպատակը մենք համարում ենք երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելուն աջակցելը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ այս ճանապարհով անցել են և մեծ ու խոշոր հաստատություններում երեխայի խնամքն ավելի արդյունավետ է, քան ընտանեկան միջավայրում»։ Խնամատարության ներդնումը Խոցելի երեխաների սոցիալական ներառմանը ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ։ Փորձ կարվի ներդնել խնամատարության նոր տեսակներ՝ մասնագիտական, ճգնաժամային, արձակուրդային։