«Արցախի ձայնը լսելի չէ իրավական առումով» (տեսանյութ)
ԱԺ ընտրությունները չեն կարող ազդել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վրա: Բանակցային գործընթացը, ըստ էության, դադարել է, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարելու մասին Ադրբեջանի հայտարարություններից հետո: «Մի բան, որը չկա, դրա վրա դժվար ազդեցություն ունենա, այսինքն՝ հիմա պետք է մշակվեն մեթոդներ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերսկսել այդ բանակցային գործընթացը: Այստեղ ավելի շատ արտաքին քաղաքական գործոններն են ազդեցություն ունենում, քան ներքին, դա դիվանագիտության լուծելիք խնդիրն է, այսինքն՝ հասնել մի իրավիճակի, երբ միջնորդները ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա եւ կստիպեն նրան, որ վերադառնա բանակցությունների սեղանին, բայց առավելեւս ստիպեն հետեւողական լինել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Երբ մի կողմը որեւէ փոխզիջման պատրաստ չէ, այլեւ ԼՂ հարցը մի կողմ թողած, բացահայտ հայտարարում է իր հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ՝ ասելով, թե դրանք պատմական Ադրբեջանի տարածքներ են, այսինքն, բանակցային գործընթացն այսօր գոյություն ունի միայն եռանախագահների առաքելություններից մեկն իրականացնելու համար: Դրանցից մեկը այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը, որը եւս կասկածի տակ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի նկրտումները»,- ընդգծեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ես չեմ կարծում, որ դիվանագիտական առումով Արցախը բանակցություններից դուրս է: Ֆորմալ առումով կարող է այդպես լինել, սակայն Արցախը միշտ ներկա է, ցանկացած բանակցություններում, քանի որ բոլորս գիտենք՝ որեւէ հարց առանց Արցախի համաձայնության չի կարող լուծվել: Հարցն այստեղ ավելի շատ իրավական ոլորտին է վերաբերում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր գործողությունները տեղի են ունենում Արցախի հանրապետության տարածքում, սակայն Արցախի ձայնը լսելի չէ իրավական առումով: Սա անարդարացի մոտեցում է»,- ասում է ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը: Ցանկացած կարեւոր իրադարձություն՝ լինի ՀՀ-ում, թե Ադրբեջանում, շփման գծում իրավիճակի սրման պատճառ է դառնում: «Պետք չէ բացառել, որ ընտրությունները կամ ՀՀ ներքին խմորումները կլինեն այդ առիթներից մեկը, որ Ադրբեջանն ակտիվացնի իր քաղաքականությունը: Հիմնական խնդիրը, որ Ալիեւը փորձում է լուծել, դա պատերազմի իմիտացիայի միջոցով ապրիլյան դեպքերի իրենց բացթողումների քաղաքական հետեւանքների վերացումն է: Այսինքն, դիվանագիտական սեղանին դա նրանց չի հաջողվում, ու Ալիեւը պատերազմի իմիտացիայով փորձում է հասնել մի իրավիճակի, երբ կողմերին կառաջարկվի ամեն ինչ սկսել զրոյից, այսինքն՝ մի կողմ թողնել ապրիլյան իրադարձությունների քաղաքական հետեւանքները»,- կարծում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Մեր ներքին խմորումներն անշուշտ ազդեցություն ունենում են երկրի արտաքին ուղեծրի վրա, սակայն կարծում եմ, որ ԼՂ հարցում ՀՀ-ում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերը, Աստված մի արասցե, մեր երկրի հանդեպ սպառնալիքի առկայության պայմաններում հեշտորեն համախմբվում են, քանի որ ցանկացած ժողովրդավարական երկրում, իսկ ՀՀ-ն այդպիսինն է, պետք է պատրաստ լինի դիմակայել մարտահրավերներին, որոնք կարող են ի հայտ գալ նաեւ նախընտրական, ընտրական փուլերում»,- նշեց քաղաքագետ Վարդան Ոսկանյանը: «Ես դեմ եմ այդ կարեւորագույն հարցը որեւէ ձեւով կապել ընտրությունների հետ: Դրա համար, ես կարծում եմ, որ կանգնած ենք մի խնդրի առջեւ, որը ընտրությունների հետ առնչություն չունի: Ընտրությունները շատ կարեւոր են ՀՀ եւ ԼՂՀ համար, սակայն այն, ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա դա ընտրություններից վեր է»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը: «Մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը նախընտրական ցուցակում չկա, արտաքին անվտանգության առաջնահերթություններն այստեղ հստակ ակնհայտ են, եւ եթե այս ընթացքում հնարավորություն լինի բանակցությունները վերսկսել, դա միայն լավ կլինի ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության տեսակետից»,- նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Չի բացառվում, որ ՀՀ նախընտրական եւ ընտրական շրջանում փորձ արվի վերսկսելու բանակցությունները, թեեւ Ադրբեջանը դրա համար որեւէ ռեսուրս չունի եւ նրան ձեռնտու է պատերազմի վերսկսման իմիտացիա ստեղծելը։