«ԲԵԼԱԶ»-Ի 16 ՄԵՔԵՆԱ ԿՀԱՅՏՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինAGRC-ԻՆ ԳԻՏԻ ԻՆՉՊԵՍ ՓՈՐԵԼ, ԻՍԿ «ԲԵԼԱԶ»-Ը՝ ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Բելառուսական հայտնի «ԲելԱզ»-ի եւ Արարատի ոսկու արդյունաբերության ձեռնարկության` AGRC -ի միջեւ օրերս կնքված պայմանագրի համաձայն այս տարվա նոյեմբերի վերջից մինչեւ 2007թ.-ի ավարտը Հայաստան կբերվեն 16 բեռնատար մեքենաներ:
Նոյեմբերի ավարտին կտեղափոխվեն առաջին 4 մեքենաները: 130 տոննա տարողությամբ մեքենաները կփոխարինեն մինչ օրս Վարդենիսի Զոդի ոսկու հանքերում արդեն 20 տարի շահագործված 45-55 տոննա տարողությամբ բեռնատար մեքենաներին: «ԲելԱզ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները Հայաստանն են ներմուծվում առաջին անգամ:
«ԲելԱզ»-ի եւ AGRC-ի միջեւ կնքված պայմանագիրն արժե 30 միլիոն դոլար: Ինչպես «Ա1+»-ին վստահեցրց AGRC -ի գործադիր տնօրեն Բի Քեյ Շարման, «ԲելԱզ»-ը պարտավորվում է նաեւ Արարատի ոսկու ձեռնարկությանը տրամադրել բեռնատար մեքենաներին անհրաժեշտ պահեստամասեր:
Պարոն Շարման նաեւ հայտնեց, որ 30 միլիոն ԱՄՆ դոլարը AGRC-ի կողմից նախատեսած 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի առաջին քայլն է: Սկզբնական շրջանում AGRC-ին պարտավորվել է վճարել 12 միլն ԱՄՆ դոլարը: «Այսպիսով մենք սկսում ենք մեր տեխնիկական վերազիննումը»,- ասաց պարոն Շարման:
Կնքված պայմանագիրը կարեւորեցին նաեւ «ԲելԱզ»-ի ներկայացուցիչները: «Մենք երեք երկրներով` Հայաստան, Հնդկաստան եւ Բելառուսիա, շատ լավ աշխատեցինք: Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն կտա խորացնել մեր համագործակցությունը եւ այն ընդլայնել:
Մենք պատրաստ ենք աշխատել նաեւ «Վեդանտա Ռեսուրսներ» ընկերությանը պատկանող այլ երկրների մասնաճյուղերի հետ: Ես կարծում եմ, որ մեր տեխնիկան մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում:
AGRC-ին գիտի, թե որտեղ եւ ինչքան փորել, իսկ մենք` այդ ամենն ինչպես տեղափոխել»,- Երեւանում պայմանագիրը կնքելուց հետո հայտարարեց «ԲելԱզ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Վլադիմիր Լոյկեն:
«ԲելԱզ»-ը համագործակցում է նաեւ Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ընկերությունների, մասնավորապես Քաջարանի, Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային ձեռնարկությունների հետ:
Ի դեպ, AGRC -ի գործադիր տնօրեն պարոն Շարման վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե հնդիկները պատրաստվում են վաճառել AGRC ընկերությունը:
«Մենք մեծ եւ հեռանկարային ծրագրեր ունենք Հայաստանում»,- ասաց նա: Ինչ վերաբերվում է ՀՀ Բնապահպանության նախարարության եւ AGRC-ի միջեւ բնապահպանական խնդիրների շուրջ առաջացած տարաձայնություններին, ապա պաորն Շարման վստահեցրեց, որ դրանք արդեն հարթված են: Հիշեցնենք, որ AGRC-ին ցանկանում էր Ոսկու գործարան կառուցել Սեւանի ավազանում, ինչին դեմ էր ՀՀ Բնապահպանության նախարարությունը:
«Մենք աշխատում ենք ՀՀ-ում եւ պարտավոր ենք հետեւել ՀՀ օրենքներին: Նոր գործարանը կկառուցվի ոչ թե Սեւանի ավազանում, այլեւ` Արարատում: Այս պահին մենք աշխատում ենք նախագծի վրա: Այն հաստատվելուց հետո 2007թ-ի փետրվարից կսկսվեն շինարարական աշխատանքները: Այս պահին AGRC-ին ունի 964 աշխատակից: Նոր գործարանը կառուցվելու դեպքում կավելանա եւս 300 աշխատատեղ»,- ասաց պարոն Շարման:
Նա նաեւ վստահեցրեց, որ շուտով AGRC-ում աշխատող եւ նույն աշխատանքն իրականացնող բոլոր աշխատակիցները կստանան հավասար աշխատավարձ:
Իսկ «Վեդանտա Ռեսուրսներ» ընկերության նախագահ Անիլ Ագարվալի որոշմամբ ընկերությանը պատկանող աշխարհի բոլոր երկրների մասնաճյուղերի, այդ թվում` Արարատի ոսկու արդյունաբերության ձեռնարկության աշխատակիցներին դեկտեմբեր ամսին կվճարվի 15 օրվա հավելյալ աշխատավարձ: