Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ԻՑ ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱՆՔ ԴՐԱՄՈՎ

Տնտեսություն

«Յունիսթրիմ» համակարգով Ռուսաստանից Հայաստան մասնավոր բանկային փոխանցումների նոր ծրագիր է ներդրվել: «Յունիբանկ»-ի ստեղծման հնգամյակի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում բանկի խորհրդի նախագահ Գագիկ Ղազարյանն այսօր տեղեկացրեց, որ այսուհետ բարեկամներից ստացվող ռուբլիներն ու դոլարները Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ միանգամից դրամով, այն էլ` 0$ միջնորդավճարով:

Արտարժույթի տվյալ պահի կուրսը հաշվարկվելու է «Յունիբանկի» սահմանած փոխարժեքով: Գագիկ Ղազարյանը նաեւ ընդգծեց, որ բանկային նորամուծությունը ոչ միայն Հայաստանում է կիրառվում առաջին անգամ, այլ նաեւ Ռուսաստանում: Բանկի հոբելյանի առթիվ հրավիրվել էր նաեւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը,որն ավելի շուտ էր ժամանել, քան կազմակերպության ղեկավարները: Նա շատ կարեւորեց «Յունիբանկի» նոր ծրագիրըը եւ խնդրեց լրատվամիջոցներին` այս մասին «ազդակներ հաղորդել ազգաբնակչությանը»: Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ ուղարկող քաղաքացին ազատվում է աշխատած ռուբլին դոլարի վերածելու, իսկ ստացողը` այն դրամի փոխարկելու ծախսերից: Իսկ առանց միջնորդավճարի դրամական փոխանցում իրականացնող բանկի շահը կայանում է նրանում, որ նվազեցնում է կանխիկ դոլարի գնումը արտասահմանյան առեւտրային բանկերից, ինչպես նաեւ դրա ներկրումը Հայաստան: Այս պարզաբանումները տվեց բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը: Ավելացրեց նաեւ, որ իրենք շատ են կարեւորում երկրում դրամի շրջանառության ավելացումը եւ այս քայլով նպաստում են դրան:

Սակայն լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր դրամի հերթական արժեւորումը, ինչպես նաեւ «Յունիսթրիմ» համակարգով Ռուսաստանից եւ Հայաստանից դեպի Վրաստան փոխանցումների դադարեցումը: «Դեպի Վրաստան փոխանցումների դադարեցումը պայմանավորված է երկու գործոնով. առաջին` նկատվում էր դրանց ծավալների կտրուկ նվազում, երկրորդ` գնահատվեց այդ ուղղությամբ դրամական փոխանցումների ռիսկը»,- պատճառաբանեց «Յունիբանկի» խորհրդի նախագահը:

1USD- 380 AMD կուրսի շուրջ մեկամսյա կայունությունը մի քանի օր առաջ դարձյալ խախտվեց, եւ ԿԲ-ն այսօր սահմանել է դրանից գրեթե 10 դրամով պակաս փոխարժեք: Սակայն հայկական արժույթի հարաբերական կայունությունը ԿԲ նախագահն այնքան էլ որպես կայունություն չհամարեց, իսկ հերթական արժեւորման պատճառները նույնն էին, ինչ կրկնել է ամբողջ տարվա ընթացքում: Հատկապես աճել է մասնավոր տրանսֆերտների տոկոսը. մինչեւ տարեվերջ ակնկալվում է 30% աճ, իսկ դրամը տարեսկզբի համեմատ արժեւորվել է ընդամենը 18.3%-ով: Տիգրան Սարգսյանը հաստատեց «Ա1+»-ի թղթակցի տեսակետը, թե դրամի արժեւորմանը տնտեսական զարգացումից ու արտարժույթի հսկայական ներհոսքից բացի, նպաստում է նաեւ կառավարության վարած` աշխատավարձերի եւ թոշակների նպատակադրված ցածր ցուցանիշը: