ՀԱՅԿԱԿԱՆ 19 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑԵԼ Է ՄԱԿ-Ի «ԳԼՈԲԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՍոցիալական ոլորտում խմբային պատասխանատվության «Գլոբալ պայմանագիրը» 2000 թ-ից ՄԱԿ-ի կազմում գործող կառույց է, որին միացել են աշխարհի բազմաթիվ ձեռնարկություններ ու գործարաններ: Պայմանագրի անդամները պարտավորվում են հոգ տանել իրենց աշխատակիցների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելու, բնությունը չաղտոտելու եւ կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ:
Հայաստանում «Գլոբալ պայմանագրի» անդամ է դարձել արդեն 19 կազմակերպություն, որոնցից են` «Արմենալ» գործարանը, «Մարիոթ» հյուրանոցը, «Ղ-Տելեկոմը», Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը:
Այսօր «Գոլդեն Փելես» հյուրանոցում Գլոբալ պայմանագրի արտասահմանյան ու հայաստանյան անդամ կազմակերպությունները սեմինար էին կազմակերպել: Արտերկրի հյուրերը բերում էին բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են ՄԱԿ-ի այդ կառույցի օժանդակությամբ այլ երկրում գործարան կառուցել կամ վերացրել գործընկեր կազմակերպություններում աշխատանքային անմարդկային պայմաները: Մեծ Բրիտանական «Լիթելվուդ» խանութների ցանցի ներկայացուցիչ Միշել Սփենլին, օրինակ, պատմեց, թե ինչպես են եղել Չինաստանի, Մալազիայի կամ Լիտվայի գործընկեր ֆիրմաներում աշխատանքային պայմանները, որտեղ զուգարանում խոզեր են բնակվելիս եղել, կանայք աշխատել են նկուղում կամ բոլոր բանվորներն աշխատել են առանց օդափոխման համակարգի, տոթ սենյակում, իրար կողքի խիտ նստած:
«Գլոբալ պայմանագրի» անդամներն այդ բիզնեսմենների հետ երկար խորհրդատվաությունների արդյունքում հասել են նրան, որ փոխվել են մարդկանց աշխատանքային ու հիգիենիկ պայմանները: Միշել Սփենլին նաեւ ասաց, թե ՄԱԿ-ի բրենդն օգտագործելով` շատ կազմակերպություններ կարողանում են ավելի հեշտ մտնել այլ երկրի շուկա եւ այնտեղ գործարան հիմնել, կամ ընդլայնել արտադրանքի իրացման ծավալները: Ընդ որում, նրան հատկապես գայթակղել էր «Գլոբալ պայմանագրի» անդամավճարը: «Եթե մենք լինեինք միջազգային այլ կազմակերպության անդամ, կվճարեինք 50 000 եվրո, իսկ այս կառույցում ծախսերը զգալի են կրճատվում, տարեկան ընդամենը 17 000 եվրո է»,- հիացած հայտարարեց նա:
Հայկական կողմից «Ղ-Տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը գործընկերներին հավատացրեց, թե իր ղեկավարած կազմակերպությունը լրիվ գիտակցում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եւ կիրառում: «Մեր աշխատակիցները նաեւ դեսպաններ են, նրանք իրենց ծանոթների եւ հարազատներին ներկայացնում են այն պայմանները, որոնք գործում են մեր ընկերությունում: Հետագայում նման աշխատելավոճը այդ մարդկանց միջոցով կարող է տարածվել»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Առավել գլոբալ թեմաներ շոշափեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա սեմինարի օտարերկրացի մասնակիցներին զարմացրեց` հայտարարելով. «Սոցիալական ոլորտում խմբային պատասխանատվության պայմանագրին միանալով` մենք առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունը, որի վրա մասնավոր սեկտորը պիտի կենտրոնանա` աղքատության հաղթահարում եւ աշխատատեղերի ստեղծում»: Իսկ սեմինարի կազմակերպիչները փորձում էին կոնկրետ ձեռնարկությունների եւ փաստերի օրինակներով հետագա ծրագրեր մշակել ու ներգրավել նոր անդամների: