Տարոն Մարգարյան. «Հանրապետականներն իրար դեմ չեն մրցում» (տեսանյութ)
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում թեկնածու է առաջադրվել նաեւ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը՝ Ռոբերտ Սարգսյանը։ «Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակից 12 թեկնածուներ են մասնակցում ընտրություններին, ՀՀԿ-ն 12-ին էլ պաշտպանում է։ Հանրապետականները իրար դեմ չեն մրցում եւ մամուլում քննարկվող Սարգսյան Ռոբերտին եւ Պողոսյան Միհրանին մրցակցություն վերագրելուն կողմնակից չեմ»։ Քաղաքապետը նաեւ վստահեցնում է՝ վարչական շրջանների ղեկավարները ՀՀԿ թեկնածուների օգտին ձայներ հավաքելու հանձնարարականներ չեն տալիս։ «Շատ բան են խոսում, ես էլ եմ շատ բաներ լսում այլ ուժերի հետ կապված։ Քարոզարշավը դեռ չի սկսվել, թաղապետերը կուսակցականներ են, եւ երբ կսկսվի քարոզարշավը, եթե իրենք ցանկություն ունենան դրան ակտիվ մասնակցելու, ապա մենք օրենքով սահմանված կարգով դա կապահովենք»։ Ինչ վերաբերում է մայիսի 14-ի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելուն, Տարոն Մարգարյանն ասաց, որ այդ հարցը հանրապետականն է որոշելու։ Երեւանի քաղաքապետը մասնակցում էր Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին։ Հայաստանի ՀՆԱ-ի 4 տոկոսը դոտացիաների տեսքով հատկացվում է համայնքներին։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը վստահ է՝ եթե համայնքապետերը ցանկանում են՝ կարողանում են ավելացնել սեփական եկամուտները։ «Ես օրինակ եմ ուզում բերել, համայնքներից մեկը ուզում էր մանկապարտեզ կառուցել։ 11 մլն հատկացրեցինք, որ կառուցվի մանկապարտեզը, հիմա պետք են միջոցներ, որ մանկապարտեզը շահագործվի, եւ համայնքապետը ամբողջ ծախսն ուզում է պետական բյուջեից»,-նշեց Դ. Լոքյանը։ Խոսքը Արարատի մարզի Դիտակ գյուղի մանկապարտեզի մասին է, որը շահագործման հանձնվեց 2016-ին։ Մանկապարտեզը 40 սան ունի, միայն թե դրա հետագա շահագործման համար 11 մլն դրամ է հարկավոր։ Դիտակի համայնքի ղեկավար Սուրեն Սրապիոնյանն ընդգծում է՝ պետության աջակցությունն անհրաժեշտություն է։ «Համայնքի սեփական եկամուտները 4 մլն 300 հազար դրամ է, պետության կողմից հատկացվող դոտացիան՝ 12 մլն դրամ, դա հազիվ բավարարի գյուղապետարանի աշխատակազմի համար։ Աշխատակազմում կրճատումներ ենք անելու, որ կարողանանք անհրաժեշտ միջոցների մի մասն ինքնուրույն ապահովել։ Եթե 8 մլն տրամադրեն, մանկապարտեզը կշահագործենք»։ Նախարարությունը սակայն պատրաստ է մանկապարտեզի շահագործման համար անհրաժեշտ 11 մլն դրամի միայն 50 տոկոսը տրամադրել։