Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԲ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Տնտեսություն

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մի քանի դրվագներ է հիշում 1993թ. դրամի ստեղծման ժամանակաշրջանից. «Այն ժամանակ ես ընդդիմության շարքերում էի, ղեկավարում էի ԳԽ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը: Հայաստանի ամենածանր ու ցուրտ տարին էր. մեզ տրամադրել էին կառավարության ընդունելությունների տունը, որտեղ լույս չկար:

Դիմեցինք Լեւոն Տեր -Պետրոսյանին, մեզ տեղափոխեց նախագահի նստավայր: Ամենամեծ աջակցությունն էինք ստանում Տեր-Պետրոսյանից ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանից: Սենյակը ցուրտ էր, մեքենագրուհու մատները սառչում էին, չէր կարողանում աշխատել, Վանո Սիրադեղյանը մեզ ուղարկեց 2 «ֆուջիկա», եւ ես առաջին անգամ տեսա այդ տաքացուցիչը»,- դրամի ստեղծման գործընթացի մասին պատմում է Տիգրան Սարգսյանը: Նա «Ուրբաթ» ակումբի այսօրվա երեք հյուրերից մեկն էր, ով պիտի վերլուծեր դրամի ստեղծման 13 տարիները: Մյուս հյուրերը ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանն ու Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանն էին:

Դրամի ստեղծման առաջին շրջանում արձանագրված ինֆլյացիան բոլոր հյուրերը օբյեկտիվ պատճառներով պայմանավորեցին` այլ կերպ հնարավոր չէր: «Հայաստանի արտաքին պահուստները զրո էին, 700 հազար դոլար կառավարությունն ուներ, որից 500 հազարը մեզ տվեց:

Եվ քանի որ Հայաստանը խորհրդային վերջին հանրապետությունն էր, որ սեփական արժույթը ստեղծեց, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից հսկայական քանակությամբ ռուբլի էր գալիս մեր երկիր, որը հարկավոր էր դրամի վերածել, այդ առումով, ես կարծում եմ, որ մենք ուշ ներդրեցինք հայկական դրամը, դա պետք է հունվարից անեինք»,- վերհիշեց ԿԲ ներկա նախագահը, ում պատմածը հաստատեցին նաեւ երկու գործընկերները:

Իսահակ Իսահակյանը մի քանի անգամ շեշտեց, որ Ռուսաստանն այն ժամանակ մեր կառավարության գլխի տակ փափուկ բարձ էր դնում` ասելով, թե դուք մտնելու եք ռուբլու գոտի: «Շուտով ձեր երկրի համար հատուկ պատվիրված ռուբլիները տպարանից դուրս կգան, եւ Հայաստանը սեփական արժույթի ստեղծման հարցում անտեղի հապաղեց: Հետո հասկացանք, որ Ռուսաստանի վրա հույս դնել չարժե»,- սրտնեղած վերհիշեց վաստակաշատ տնտեսագետը: Ռուսական «փափուկ բարձի» մասին դառնությամբ էր հիշում նաեւ Լեւոն Բարխուդարյանը: Սակայն ակումբի բոլոր հյուրերը երանությամբ էին հիշում Հայաստանի տնտեսության անկախացման եւ ազատականացման առաջին տարիները, երբ կենտրոնական բանկի, կառավարության ու խորհրդարանի միջեւ վեճեր էին լինում, անհամաձայնություններ երկրի տնտեսական պատասխանատուների միջեւ:

Այսօր ԿԲ եւ կառավարության միջեւ վեճ լինու՞մ է, հարցրինք Տիգրան Սարգսյանին. «Եթե կենտրոնական բանկը ֆինանսների եւ էկոնոմիկայի հետ վեճ չի ունենում, ուրեմն` այդ երկրի վերջը եկել է, որովհետեւ յուրաքանչյուրն իր շահերն ունի. ֆիննախը բյուջեի համար է պատասխանատու, ԿԲ-ն` գնաճի»,- հայտարարեց նա: Իսկ դրամի ստեղծումից 13 տարի անց, ազգային արժույթի արժեւորման հարցում գործադիրի հետ եղե՞լ է տնտեսական տարաձայնություն, որը նախագահի միջամտությամբ է կարգավորվել. «Ազգային արժույթի հարցով վեճ վարչապետի հետ չի եղել, որ հարթեր հանրապետության նախագահը»,- կարճ պատասկանեց ԿԲ նախագահը:

ԴՐԱՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դրամի հետագա արժեւորումը Տիգրան Սարգսյանն այսօր հերթական անգամ համարեց անքննելի հեռանկար եւ արտահանողներին դարձյալ խորհուրդ տվեց արդիականացնել իրենց տեխնիկան, Գերմանիայից բերել թեկուզ` օգտագործած նորագույն տեխնոլոգիաներ, որպեսզի մրցունակ դառնան: Դրամի ներկայիս կուրսը նա համեմատեց երկու այլ պետությունների արժույթի պատմության հետ. «Երբ Սինգապուրում նման իրավիճակ էր, մենք ականատեսը եղանք նրանց ազգային արժույթի 300 տոկոսանոց աճի, իսկ Ճապոնիայում արձանագրվել է աճ` 10 անգամ: Հայկական դրամը դեռ ընդամենը 37-40 տոկոսով է արժեվորվել»:

ԿԲ նախագահը բիզնես արդիականացնելը ներկայացրեց կոնկրետ օրինակով. «Այսօր մենք հոլանդացի մեր գործընկերների հետ մշակում ենք «Հայփոստը» մրցունակ դարձնելու ծրագիրը: «Հայփոստի» մեկ աշխատակցի արտադրողականությունը գնահատվել է 0.7 տոկոս: Մոլդովայում այդ ցուցանիշը 200 է, իսկ Հոլանդիայում մեկ աշխատակցի մատուցած ծառայությունների գործակիցը 4700 է: Դուք տարբերությունը պատկերացնու՞մ եք:

Այսինքն, եթե արտահանողը չի ցանկանում արդիականացնել իր բիզնեսը, բարձրացնել աշխատողների արտադրողականությունը, մենք չենք պատրաստվում մի քանի արտահանողի շահերից ելնելով` մտնել մեր աղքատ քաղաքացիների գրպանը, մեծ քանակությամբ դրամ նետել շուկա: Այսօր առանց այդ էլ` նրանք մեծ շահույթներ են ստանում, եւ պատահական չէ, որ մենք մինչեւ օրս չենք լսել որեւէ արտահանողի կոնկրետ հաշվարկ, թե իրենք ինչի պատճառով ինչքան են տուժում: Հարկավոր է քննադատության սլաքներն ուղղել ոչ թե կենտրոնական բանկին, այլ` արտահանողներին»,- լրագրողներին հորդորեց ԿԲ նախագահը:

Իսկ Ֆինանսների եւ էկոնոմիկային նախկին նախարարը, ով հիմա «Իմպեքս» բանկի խորհրդի նախագահն է, տարբերվող տեսակետ ուներ: «Մեր կառավարության սկզբունքներն այսօր ճիշտ հակառակ են այն գերակայություններին, որոնք որդեգրված են եղել Հայաստանի Հանրապետության ռազմավարությամբ, քանի որ Խորհրդային միության մեջ մենք առաջինն էինք տնտեսության ազատականացմամբ եւ ավելի շատ արտահանող երկիր էինք: Այս քաղաքականությամբ մենք արտահանմանը չենք խթանում, անում ենք հակառակը, եւ դրամի արժեւորման նման տեմպեր կարելի էր թույլ տալ միայն այն դեպքում, երբ արտադրությունը որոշ չափով արդիականացված կլիներ»,- Տիգրան Սարգսյանին բացատրեց նա: