Լ. Յոլյանը դեռևս միայն խոստանում է տեղյակ պահել, թե ուր է (տեսանյութ)
ԱԺ քառօրյային այսօր ՎՊ նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանին հարց ուղղելով՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Կունենա՞ք քաղաքական կամք ու համարձակություն, որ մտնեք գազի, էլեկտրաէներգիայի համակարգ ու ասել, թե ինչ է այնտեղ կատարվում: Ըստ ձեզ՝ ինչ է տեղի ունենում ձեր համակարգում, Իշխան Զաքարյանը դեմա՞րշ է անում իշխանություններին՝ մտնելով քաղաքականություն, նա թողեց, ձեռքը թափ տվեց, գնա՞ց, թե՞ շախմատային տերմինով ասեմ, ռակիրովկա է լինում՝ փոխատեղում»:
«Իշխան Զաքարյանի հետ կապված հարցերը, խնդրում եմ, ուղղեք նրան»,- արձագանքեց Լեւոն յոլյանը: «Շախմատում պետք է անեք քայլ, եթե չեք անում, դա ձեր գործն է»,- նկատեց Արամ Մանուկյանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հույս հայտնեց, որ Լեւոն Յոլյանը իր նախորդի նման հանդես չի գա պաթետիկ, դյուցազնական ելույթներով, իսկ արդյունքում ոչինչ չանի:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ՎՊ-ն երբեք անկախ պետական մարմին չի եղել. «Միշտ ԱԺ-ում թեւածել է մի հարց՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Ձեր մասին այդ հարցը հնչելո՞ւ է, թե ոչ, թե՞ ձեր դեպքում արդեն ամեն ինչ պարզ կլինի ի սկզբանե: Իշխան Զաքարյանի դեպքում պարզ էր՝ ուր էր՝ Ծառուկյան դաշինքում: Դուք կգա՞ք համարձակ հաշվետվություններով այս դահլիճ»:
«Ընդամենը կարող եմ հույս հայտնել, որ երբեք հարց չի առաջանա, թե ուր է Լեւոն Յոլյանը. ուր էլ լինեմ, տեղյակ կպահեմ ձեզ»,- ժպտաալով ասաց Լեւոն Յոլյանը: