Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Տուժողը բողոք չունի, բայց  լեյտենանտը դատապարտվել է 2,6 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-32

 Լեյտենանտ Արամ Աղայանի համար անհասկանալի է՝ ինչու են իրեն զրկել ազատությունից։  Մոտ 1 տարի 4 ամիս Շուշիի բանտում անցկացնելուց հետո, նրա գործը հասել է ՀՀ վերաքննիչ դատարան։ «Բացակայում է  հանցագործության կատարման շարժառիթը, ինչը մեղադրական ճառում նշեց անգամ մեղադրող դատախազը»,- այսօր հայտարարեց Արամ Աղայանը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  լեյտենանտ  Արամ Աղայանին դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Արամ Աղայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 3 ամիս ազատազրկում ՝ գումարելով  2014 թ-ի դատվածության պայմանական ազատման չկրած մասը: Դեպքը տեղի ունեցել է Արցախի զորամասերից մեկում՝ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։  Ըստ դատավճռի՝  լեյտենանտ Արամ Աղայանը,  հայտնաբերելով, որ  շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, հրելով փորձել է արթնացնել:  Սկսվել է վիճաբանություն եւ քաշքշոց։ Արամ Աղայանը եւ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում են վճիռը եւ խնդրում արդարացման դատական ակտ կայացնել: «Իսկ տուժողի կարգավիճակ ունեցող անձը ոչ միայն իմ դեմ բողոք չունի, այլ նաեւ դահլիճում  անգամ իմ դեմ ցուցմունք չի տվել: Ցուցմունք չի տվել նաեւ գործում առկա միակ ականատես վկան»,- ավելացրեց Արամ Աղայանը:  Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 23-ը: Դատարանը ցանկանում է լսել նաեւ գործով տուժողին՝ Ռուդիկ Գրիգորյանին: