Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդյո՞ք այս վատ պրակտիկան փոխվելու է». Գագիկ Հարությունյանը՝ Մուկուչյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-4

Մեկ ամսում 7000 քաղաքացու կողմից հաշվառման վայրի փոխելու լուրը հասել է ՍԴ։ Ընտրողների զանգվածային գաղթի մասին Գագիկ Հարությունյանը հետաքրքրվում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից։ Ինչո՞ւ է լռում հանձնաժողովը։  «Դրա վերաբերյալ ինչու՞ բացատրություն չկա, ոստիկանությունը տվել է բացատրություն, բայց  Ձեր հանձնաժողովն  անտարբեր է»: Տիգրան Մուկուչյանը պատասխանում է հարցադրմանը. «Արդարադատության նախարարությունը ներկայացրեց տեսակետ, ես էլ 2 անգամ առիթ ունեցել եմ մասնավոր հեռուստաընկերություններով մոտեցումը պարզաբանելու»։ Ընտրական նոր օրենսգիրքը և Ընտրական իրավունքի դատական պաշտպանության մեխանիզմները քննարկման ժամանակ մեկ այլ հարց է հնչում։ Հաշվառման վայրի փոփոխության մասին փաստերով ինչո՞ւ ԿԸՀ-ն վարույթ չի հարուցում։ Տիգրան Մուկուչյանը պատասխանում է. «Չի եղել վարույթ հարուցելու, ինչու, որովհետև 13-ից 17 ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի՝ ամեն ամսվա համար այդ թիվը եղել է 5-ից 7000։ Այսինքն՝ այդտեղ չկա որևէ օրինաչափություն»։ Ըստ Մուկուչյանի՝ վարույթ չեն հարուցում մեկ այլ պատճառով էլ։ Իրենք չեն կարող քաղաքացուն ստիպել՝ բացատրել, թե ինչու է փոխել հաշվառման վայրը։  «Մարդը գնում է իր կամքով փոխում է բնակության վայրը, սեփականության վկայական է ստանում գնում է այլ տեղ հաշվառվում։ Եթե բնականոն իրավահարաբերությունները նորմալ գնում են, ես չեմ կարծում՝ կա նման խնդիր վարույթներ հարուցելու»,- ասում է Տիգրան Մուկուչյանը։ Անցյալի դառը փորձը վկայում է, որ ընտրական հանձնաժողովների ամենաթույլ տեղերից մեկը գրանցամատյաններն են։ Արձանագրում է ՍԴ նախագահը։ Հանձնաժողովները հաճախ հրաժարվում են իրավախախումները գրանցամատյան անցկացնել։ Դիտարկումները Գագիկ Հարությունյանինն են.  «Ի՞նչ է փոխվել, արդյո՞ք այս վատ պրակտիկան փոխվելու է, թե գրանցամատյանները դառնալու են լուրջ գործիք արտացոլելու իրական պատկերն ընտրությունների ժամանակ»։ Տիգրան Մուկուչյանը նշում է. «Փորձում ենք անել ամեն ինչ։ Մեր կողմից առանձնակի կարևորվել է այդ խնդիրը, որ կուսակցությունները հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոններում ներկայացնեն այնպիսի մարդկանց,  որոնք բանիմաց են և օժտված կազմակերպական հմտություններով»։ Ի պատասխան Գագիկ Հարությունյանը բարձրաձայնում է նախորդ ընտրություններից հետո ՍԴ-ում մի միջադեպի մասին։   «Հենց այս նույն սրահում ընտրական վեճի լուծման ժամանակ կուսակցության ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահը հայտարարում էր՝ իմ կուսակցությունը ինչ թիվ ասել է, ես նա եմ գրել»։ Տիգրան Մուկուչյանը շտկման խոստում տվեց. «էս անգամ փորձելու ենք նենց աշխատենք, որ ձևավորված վատ մշակույթը վերանա»։ Ի դեպ, ընտրությունների օրը քաղաքացիները չեն կարող դիմում բողոքները ԿԸՀ ներկայացնել էլ փոստի միջոցով։ Նման կարգ սահմանված չէ։