Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԻՏԱՄԻՆԸ» ՎԵՐՋԱՆՈՒՄ Է

Տնտեսություն

2006թ ընթացքում Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից Միջկառավարական Համաձայնագրի շրջանակներում ոչ մի կարատ ադամանդ չի ներմուծել: Սակայն, ըստ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանի, 5 տարի առաջ կնքված համաձայնագրի որեւէ կետ չի խախտվել: «Վիտամին էր, որ աշխատացրեց, հավերժ չէր կարող լինել»,- ասում է նա:

Համաձայնագրով Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանին վաճառել ալմաստի հումք, իսկ թե ինչ պայմաններով եւ գնով, փաստաթղթում հստակ ձեւակերպված չէ: Այս տարի ռուս արտադրողը բարձրացրել է ալմաստի հումքի գինը, եւ հայ գնորդը ի վիճակի չի եղել գնել: Ինչպես հումք արտադրող մնացած երկրներում, այնպես էլ Ռուսաստանում զարգանում է հետեւյալ քաղաքականությունը` տեղական հումքը մշակել տեղում:

2006թ Հայաստանը ալմաստի հումքի 54,6 տոկոսը ներկրել է Իսրայելից, 41 տոկոսը` ԵՄ անդամ երկրներից, 0,3 տոկոսը` Ռուսաստանից, իսկ մնացածը` այլ երկրներից: Ռուսաստանից ներկրվածը Միջկառավարական համաձայնագրի շրջանակներում չի եղել, այլ հայ գործարարներն օգտագործել են իրենց` Ռուսաստանի հայկական ձեռնարկությունների հետ ունեցած կապերը: Այս գործելաոճը նախարարության պաշտոնյան համարում է ամենաարդյունավետ տարբերակը, քանի որ այս տարվա ոլորտի մոնիտորինգը ցույց է տվել, որ Հայաստանի շատ ձեռնարկություններ անպատրաստ են մրցակցային փոփոխություններին` ցածրորակ մենեջմենտի պատճառով:

Մոնիտորինգը ցույց է տվել, որ Հայաստանում 2006թ–ի 10 ամիսների ընթացքում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում նկատվել է ցուցանիշների անկում: Օրինակ, 2006թ-ին նախորդ տարվա համեմատ արտադրանքի ծավալը նվազել է 18243986 հազ. դրամով: Կրճատվել է նաեւ աշխատողների քանակը, եթե 2005թ եղել է 3732 աշխատակից, 2006թ եղել է 3457: «Այս ոլորտի մասնագետները արտագաղթում են»,- ասում է Գագիկ Մկրտչյանը` ավելացնելով, որ Հայաստանն այլեւս էժան աշխատուժի երկիր չէ, գոնե, այս բնագավառում:

Ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում ցուցանիշների անկման պատճառներից մեկը դոլարի նկատմամբ դրամի արժեւորումն է, որի հետեւանքով, ըստ պարոն Մկրտչյանի, բարձրացել է արտադրանքի ինքնարժեքը` հիմնականում աշխատավարձի մասով:

Ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, դժգոհեց, թե տեղական արտադրանքը տեղական շուկայում չի սպառում: Տեղացի գնորդը նախընտրում է թուրքական եւ էմիրությունների արտադրանքը, քանի որ դրանց գինը կրկնակի էժան է, բայց, ըստ Գագիկ Մկրտչյանի, «որակը 15 անգամ ցածր»: Ի դեպ, տարօրինակ չէր երեւա պարոն Մկրտչյանի դժգոհությունը, եթե նույն ինքը չհրապարակեր հետեւյալ թիվը, թե Հայաստանի արտադրանքի 100 տոկոսը արտահանվում է եւ արտադրանքի ծավալն էլ հենց կախված է համաշխարհային, ոչ թե տեղական շուկայի պահանջարկից: «Եվրոպական որակ հնդկական գներով»,- այսպես է բնութագրում արտահանվող արտադրանքը Գագիկ Մկրտչյանը` սակայն դժգոհելով, որ ոսկեգործության ոլորտում «մի հատ բրենդ չունենք»: