Մարդիկ իշխող կուսակցությունից վախենում են․ Սեյրան Օհանյան
Արդեն երկու օր է՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները Հայաստանի սահմանամերձ շրջաններում քարոզարշավի են։ «Ա1+»-ի հարցին՝ ինչ տպավորությւոններ ունի Սեյրան Օհանյանը քաղաքացիների հետ հանդիպումներից, նա հիշեցրեց՝ ինքը նախկինում պաշտոնի բերումով հաճախ է եղել սահմանամերձ տարածքներում։ Անցնելով սահմաններով, ում հետ որ շփվում ենք, տեսնում ենք, որ մի մասի մոտ տրամադրությունը բարձր է, որոշ մարդկանց մոտ մենք տեսնում ենք վախվորածություն։ Հավաքները ցույց են տալիս, որ մարդիկ իշխող կուսակցությունից վախենում են։ Մարդիկ ասում են՝ մենք ձեզ կաջակցենք, մենք ձեր կողքին ենք, բայց պետք չի որ մենք գանք, որևէ տեղ երևանք»։ Սեյրան Օհանյանն այս իրավիճակին խիստ գնահատական է հնչեցնում․ «սա ոչ միայն անընդունելի է, այլ բարոյականությունից զուրկ իրավիճակ է ստեղծված, որին պետք է վերջ տալ»։ Պաշտպանության նախկին նախարարը հատկապես կարևորում է, որ մարդիկ ունենան ազատություն՝ բոլոր առումներով։ Ըստ նրա՝ եկել է ժամանակը, որ մարդկանց համար իրենք ևս երկու ազատություն ապահովեն՝ ազատություն վախից և ազատություն կարիքից։ «Ազատություն վախից երկու հարթությունում, մեկը հակառակորդից, մեկն էլ մեր երկրի ներսում, որ մեր քաղաքացին կարողանա ազատ ու համարձակ բոլորի հետ մեկտեղ քայլել՝ չվախենալով ոչ մի տիպի հետապնդումներից»։ Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ իրենց իշխանության գալու պարագայում քաղաքացիներն ազատ են լինելու, կանգնելու են յուրաքանչյուր քաղաքացու կողքին․ «Կոչ եմ անում բոլորին համարձակ կերպով գնալ ընտրությունների և ընտրել այն ուժը, որը որ զարգացնելու է»։ Իսկ ո՞րն է լինելու իրենց առաջին քայլը, եթե իշխանության գան։ «Ա1+»-ի հարցին Սեյրան Օհանյանը հետևյալ պատասխանն է տալիս․ «Առաջին քայլը կառավարման համակարգի ձևավորումն է, մեր իշխանության պարագայում ոչ մի քաղաքական հետապնդումներ և մեզ մոտ ավանդույթ դարձած քաղաքական հայացքների համար պաշտոնից ազաատելը կամ պաշտոնի նշանակելն անընդունելի է լինելու»։ Սեյրան Օհանյանն իրեն առանձնացնում է այլ քաղաքական դեմքերից, հատկապես երկու ուղղությամբ՝ ինքը իր ծանոթ բարեկամներին պաշտոններ չի նվիրել և չի զբաղվել այս կամ այն ապրանքատեսակի ներկրմամբ։ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում էլ է հաղթելու։ Սեյրան Օհանյանն այդ ցանկությանն այսպիսի արձագանք է տալիս ․ «Մենք պայքարելու ենք իշխող Հանրապետական կուսակցության դեմ»։ Սեյրան Օհանյանը մեկնաբանեց նաև ՀՀԿ-ի կարգախոսը՝ Անվտանգություն և առաջընթաց»։ Առաջին բառի պարագայում ինքը որոշակի վստահություն ունի՝ ինքը եղել է Պաշտպանության նախարար և վստահությւոն ունի բանակի նկատմամբ։ «Ինչ վերաբերում է առաջընթացին՝ առաջընթացն ապահովել է պետք։ Մեր երկրում իրավիճակը նման է այն բանին, երբ ձեռքիդ բանալիների խուրձ կա և ուզում ես անընդհատ փորձարկել՝ ինչ որ դռներ բացելով։ Վերջացել է այդ փորձարկելու ժամանակը։ Արդեն իսկ փորձարկված պետք է լիներ և յուրաքանչյուր ոլորտի բանալին մենք պետք է գտած լինեինք»։ Ինքը լսել է փող ու ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին, բայց դրանց մասին փաստեր չունի։ Ընտրակաշառքի մի մասը ինչ որ օգնությունների տեսքով է տրվում, մյուս մասը՝ փողի տեսքով՝ բնակարաններում։ Սա դժվարեցնում է այդպիսի դեպքերի բացահայտման գործին։ «Եթե այդ գումարը տալու են, թող գումարները վերցնեն և ձայնը տան իրենց ցանկացախ թեկնածուներին»։