«Տարեկան շուրջ 1.5 մլրդ դոլարի չմաքսազերծված ապրանք է ներմուծվում Հայաստան» (տեսանյութ)
«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Մեդիա կենտրոն»-ի քննարկմանը կոնկրետ տվյալներ է ներկայացնում՝ տարեկան շուրջ 1.5 մլրդ դոլարի չմաքսազերծված ապրանք է ներմուծվում Հայաստան։ Վիլեն Խաչատրյանն ընդգծում է՝ ստվերը պետք է կրճատել նախեւառաջ սահմանին։ Այս ուժն առաջարկում է նաեւ նոր հարկատեսակ սահմանել: «Առաջարկելով շքեղության հարկ սահմանել։ Բացի այդ, մեր բյուջեով 122 մլրդ դրամ սուբսիդիա են հատկացնում անհասկանալի ծագման կազմակերպություններին, այդ միջոցները վերաբաշխելով՝ կարելի է մի շարք սոցիալական խնդիրներ լուծել»։ «Ելք» դաշինքի տնտեսական ծրագրում շեշտը դրված է գիտելիքահեն տնտեսության զարգացման վրա։ Գևորգ Գորգիսյանն ասում է՝ լուրջ ուշադրություն են դարձնելու նաեւ հանքարդյունաբերությանը։ «Աբսուրդ է, երբ երկրից հանքանյութն արտահանվում է պետք է այն վերամշակել, անհրաժեշտ է ապահովել արտադրության ողջ ցիկլը։ Պետք է զարգացնել ռազմարդյունաբերությունը»։ «Ազատ դեմոկրատները» վստահ են՝ Հայաստանի տնտեսությունը կզարգանա, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Նարեկ Այվազյանը հիշեցնում է՝ 2016-ին Հայաստանում 200 մլն դոլարի ներդրում է կատարվել, մինչդեռ Վրաստանում այս ցուցանիշը հասնում 4 մլրդ դոլարի։ «Հայաստանը չեն դիտարկում, որպես պարտնյոր երկիր, որովհետեւ գնացել ենք , ինտեգրվել ենք աշխարհի կոռուպցիոն կենտրոնին։ Չի կարող եվրոպացի ներդրողը վստահ լինել, որ այստեղ ներդրում անելու դեպքում, իր ներդրումը տեղ է հասնելու, ինքը եկամուտ է ստանալու»։ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Վարդան Բոստանջյանն առարկեց. «ԱՄՆ-ում ու Եվրոպայում էլ շնչահեղձ սպասո՞ւմ են մեր հետ համագործակցելուն։ Աշխարհում կան շուկաներ, այդ շուկաներ այդքան հեշտ չի թափանցել»։ Վարդան Բոստանջյանն առաջարկում է առավել առանցքային խնդիրներին ուշադրություն դարձնել։ «Ցածր կենսաթոշակներ, ցածր աշխատավարձ, տեսախցիկներ, որոնք կոչված են տոտալ , ճակատային բռնաբարության»։ «Օհանյան–Րաֆֆի –Օսկանյան» պատգամավորության թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ ուժն առաջարկում է բարձրացնել մայրական կապիտալի համար հատկացվող գումարները, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը։ «Դրա համար 60 մլրդ դրամ կպահանջվի»։ Անդրանիկ Գրիգորյանն ասում է իրենց ծրագրերն իրագործելու համար 2 տարին էլ բավարար է։ «Հայկական Վերածնունդ»-ում ընդգծում են՝ ծրագրերի իրագործելիությունը կախված է նրանից, թե իրենք քանի տոկոսով ներկայացված կլինեն խորհրդարանում։ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը վստահեցնում է՝ ծրագրերի հետամուտ են լինելու անկախ ամեն ինչից։ «Կապ չունի քանի տոկոսով կլինենք խորհրդարանում, մեր ամեն մանդատ ծառայեցնելու ենք ծրագրերի իրագործմանը»,-ասաց Գևորգ Գորգիսյանը։ «Մեդիա կենտրոնը» նաեւ Հանրապետականին էր հրավիրել տնտեսական ծրագրի ներկայացմանը, պատասխանել էին, որ նման քննարկումների առայժմ չեն մասնակցում։