Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՎԵԼԱՑՄԱՆԸ

Մարզեր

Թեեւ առաջիկա մեկ-երկու տարում բնակարանային շինարարություն պետական բյուջեի միջոցներով Գյումրիում կրկին չի նախատեսվում, այնուամենայնիվ 2007-ին այդ քաղաքում բնակարանաշինական նոր ծրագիր է իրականացվելու:

Անօթեւանության խնդրի լուծման որպես այլընտրանքային տարբերակ քաղաքային իշխանությունները տեսնում են հիմնականում դրսում գտնվող գործարարների կողմից կատարվող ներդրումների ու նաեւ համայնքային բյուջեի հատկացումների հաշվին:

«Բացելու ենք նոր հիմնադրամ, ունենք գործարարներ, որ ապրում են Օդեսայում: Հավաքելու եմ քաղաքի ունեւոր խավին, շատ մարդիկ են ցանկություն հայտնել: Ամեն ամիս ենք հավաքագրելու»,- ասում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Բնակելիները նախատեսվում են կառուցել Գյումրու մասնավորապես 58 թաղամասի կիսակառույցների հիմքի վրա, որոնք կառուցվել են 89-92 թվականներին եւ այժմ կառավարության որոշմամբ անցած տարվանից մարզպետարանից անցել են քաղաքապետարանի հաշվեկշռին:

Մարզում այսօր կա 847 անավարտ շինարարական օբյեկտ, դրանցից 818-ը բնակելի շինություններ են, իսկ 29-ը՝ հասարակական նշանակության։ Կիսակառույցները մնացել են անավարտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով եւ անուշադրության հեւեւանքով տարիների ընթացքում թալանվել են: Սա ենթադրում է, որ դրանք բնակելի դարձնելու համար պահանջվում են բավականին մեծ գումարներ:

Անօթեւան ընտանիքներից ու՞մ է տրվելու է առաջնահերթությունը, կամ ովքե՞ր են օգտվելու ծրագրից: Գյումրու քաղաքապետը գտնում է, որ բնակարանով ապահովվելու են նախ բազմազավակ ընտանիքները՝ անկախ այն բանից անօթեւանի կարգավիճակ ունեն, թե՞ ոչ: Բայց թե քանի ընտանիք բնակարանատեր կդառնա դեռեւս հստակ չէ: Պարզ չէ նաեւ թե ընդհանուր հաշվով ինչքան գումար է անհրաժեշտ բնակարանաշինության համար: Բայց մի բան հաստատ է, ֆինանսական միջոցները տնօրինելու է քաղաքապետարանը, իսկ ապագա բնակարանատերերը կընդգրկվեն շինարարական աշխատանքում:

2007թվականին ամենայն հավանականությամբ շինաշխատանքները կսկսվեն ու հավանաբար մինչեւ տարեվերջ ներքին հարդարման աշխատանքները կհասցվեն ավարտին: Այս նպատակով ներդրումներ կատարելու ու բնակարանաշինական ծրագիրն իրականացնելու քաղաքային իշխանությունների ցանկությունը թերեւս եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ կկատարվի, հաշվի առնելով, որ առջեւում նախընտրական տարի է:

«Ցայգ» ՀԸ

Գյումրի