«Որ վերևից կաշառված են բոլորը, ես ինչու՞ չկաշառվեմ» (տեսանյութ)
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն այսօր շարունակեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրել են բակային հանդիպումների ձևաչափը, որպեսզի առավել մատչելի դարձնեն քաղաքացիներին իրենց խոսքը հասցնելը. «Ինքներդ եք նկատում՝ մարդիկ շտապում են, մարդիկ գործ ունեն, մարդիկ անտրամադիր են: Այնքան ենք մեր քաղաքացիներին հոգսերի տակ թաղել, որ ընտրական գործընթացի վերաբերյալ կա տոտալ անվստահություն: Դրա համար մենք ընտրելու ենք հաղորդակցման բոլոր միջոցները: Մարդկանց մի մասին հնարավոր է հանդիպել փողոցում, որովհետև տներում չեն լինի, եթե թակենք դռները: Մի մասին տեսնելու ենք երեկոյան, երբ ընկնենք տներով՝ դռնեդուռ, տեսնելու ենք հանրահավաքների միջոցով, մադկանց հետո խոսելու ենք հեռուստացույցի էկրաններից, ձեզ հետ միասին»: Պարոն Սաֆարյանը նման հանդիպումներից տպավորություն է ստացել, որ «Ազատ Դեմոկրատները» 10 տոկոս ճանաչելիություն ունի քաղաքացիների շրջանում. «Մենք բոլոր տարածքներում տեսել ենք մեզ սպասող մարդկանց: Թե ինչքան կկազմեն նրանք իրականության մեջ ամբողջ ՀՀ մակարդակով, դժվարանում եմ ասել, բայց Երևանում իրավիճակը հուսադրող է»: Մինչդեռ, հակառակ սրա, կուսակցության նախընտրական թռուցիկները ստացած քաղաքացիները մեզ հետ զրույցում ասացին. «Ստյոպա Սաֆարյանին անպայման կընտրեի, եթե ձայնս չտայի ուրիշին: «Բարգավաճին» եմ տալու, որովհետև ինձ մոտիկ մարդ է»: ««Բարգավաճ Հայաստանին» եմ նախընտրում եմ, քանի որ նա շատ լավ բաներ է խոստանում: «Ազատ Դեմոկրատները» հեռանկար չունեն»: «Ով շատ փող է տալիս, նրան եմ ընտրում: Որ վերևից կաշառված են բոլորը, ես հասարակ մարդ, ինչու՞ չկաշառվեմ»: