Միհրան Պողոսյան. «Ձեր ձայնը ինձ մի տվեք, տվեք ձեր երեխաներին» (տեսանյութ)
Միհրան Պողոսյանը Նոր Նորքի 4-րդ զանգվածում է: Նրան սպասում է աղ ու հացը: Նա գալիս է եւ հենց ամբիոնից տեղեկանում, թե ով է ինքը։ Մի կին ներկայացնում է. «Որպես ճշմարտասեր, շատ բարի, հասնող, շնորհակալ, մեծ ու փոքր ճանաչող, նա օժտված էր առաջնորդին բնորոշ բոլոր հատկություններով, կարող էր գնալ հոսանքին հակառակ մնալով համակարգի մարդ»: Այս ամբիոնից մարդկանց կոչ են անում ուշադրություն դարձնել հարկադիր ճանապարհով մարդկանց ունեցվածքը, փողը խլած մարդու անցած ճանապարհին: Նա արժանի է, որ լինի Ազգային ժողովում՝ ասում է Խաչիկ Գալստյանը. «Բայց ամենակարեւորը՝ մենք նախ եւ առաջ թեկնածուի մեջ տեսնում ենք մարդուն»: Իսկ մարդը անկաշկանդ է, նա զբոսնում է ամբիոնով: Նա արդեն չի էլ լսում, իսկ արժանիքների թվարկումը դեռ շարունակվելու է: Դիցուք, օֆշորայի սկանդալի հերոսը նաեւ բարեգործ է։ Ըստ Տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկ Ակարմազյանի՝ դրա մասին երբեւէ չի խոսվել չի բարձրաձայնվել: Ամբիոնին մոտենալու հերթը մարդասերինն է, ազգի նվիրյալինը: Նա բառացիորեն ասում է՝ «ձեր հարեւանին, բարեկամին, ազգականին հասկացրեք, թե ով ինչ ա արել իրա կյանքում, ով ինչի ա հասել իրա կյանքում. «Ես կխնդրեմ, որ մեկ անգամ բոլորս լուրջ վերաբերվենք, չտանք մեր ձայնը ապարդյուն էս կողմ էն կողմ, ինձ էլ մի տվեք ձեր ձայնը, տվեք ձեր երեխաներին»: Ինքը երբեք չէր ենթադրի, որ քաղաքականություն կմտնի, մարդը աշխատել է եւ օգնել իր կողքի մարդկանց: «Ըտենց ենք ապրել»,-ասում է թեկնածուն. «Հերիք ա արդեն ժամանակավոր մարդկանց փորձեք սարքել վերին ատյաններով ինչ-որ բան: Չկան, եթե չկան՝ չկան, ժողովուրդ, ինչքան էլ մենք փորձենք սարքենք»: Պարոն Պողոսյանը չի մոռանում հիշեցնել, որ իր բարեգործական կազմակերպությունը ընտրություններից հետո գրասենյակ է բացելու Նոր Նորքում եւ զբաղվելու է բարեգործությամբ. «Էդ բարեգործականը աշխատելու ա, չենք կապում ընտրությունների հետ»: Մնում է, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածը Միհրան Պողոսյանին կապի հանրապետության պետական կառավարման բարձրագույն օրգանի՝ Ազգային ժողովի հետ: