Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ ուսանողական միությունն առանձին քարոզչություն է անում (տեսանյութ)

Քաղաքականություն
dashnakner

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը երեկ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որի հիմքում բացառապես ուսանողության և երիտասարդության խնդիրներն են: Միության անդամներն այսօր շրջեցին բուհերի փողոցներով՝ ուսանողներին և անցորդներին բաժանելով բուկլետներ: «Ա1+»-ի հետ զրույցում միության նախընտրական քարոզչական շտաբի ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը նշեց, որ ՀՅԴ-ն, կրելով կրթական ոլորտի քաղաքական պատասխանատվությունը, առավել նախանձախնդիր է այս ոլորտի խնդիրները վեր հանելու և լուծելու հարցում.  «Կուսակցության հիմնական պլատֆորմում դժվար էր տեղավորել այսպիսի մեծ խնդիրներ, հետևաբար՝ մենք առանձին ծրագրով ենք հանդես գալիս: Մեր կարգախոսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Այդ նոր սկիզբը պատկերացնում ենք ուսանողության, նոր սերնդի մեջ, որը նոր որակ կբերի մեր երկիր»: Հարցին, թե ինչ խնդիրներ են վեր հանել կրթական ոլորտում, երիտասարդը պատասխանեց. «Մենք բոլոր խնդիրներին անդրադարձել ենք,  հատկապես կրթության որակի բարձրացմանը, հետբուհական կրթությանը, ինչպես նաև ուսման վարձերի ճկուն համակարգի ներդրմանը, որը թույլ կտա ուսանողներին պետության համար ռազմավարական մասնագիտությունների գծով ուսումը դյուրացնել՝ ռազմական արդյունաբերության, գյուղատնտեսական մասնագիտությունները, ատոմային էլեկտրաէներգիային վերաբերող մասնագիտությունները, որոնք ուսանած մասնագետները հետագայում կարող են օգնել հատկապես բանակին»: