Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն՝ Մոսկվա կինոթատրոնում
Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված 2017թվականի միջոցառումների շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ռուսաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ, ս.թ. 2017թ. մարտի 20-ից 26-ը, Երևանի Մոսկվա կինոթատրոնում կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն : Ծրագրում ընդգրկված են վերջին տարիների (2013-ից 2016թթ) արտադրության բազմաժանր ֆիլմեր՝ կատակերգություն, դրամա, վավերագրական, կենսագրական : Ընդհանուր առմամբ կներկայացվի 8 ֆիլմ՝ 11 ցուցադրություն : Բացմանը, մարտի 20-ին, ժամը 19-ին (նաև մարտի 24 –ին ժամը 20.30-ին) հանդիսատեսի դատին կներկայացվի 2014 թվականի արտադրության « Ի՞նչ ենք արել տեր աստծուն » ֆիլմը : Ֆրանսիայում մեծ հաջողություն ունեցած այս ֆիլմը պատմում է իրենց չորս աղջիկների ամուսնությունից վրդովված ծնողների պատմությունը : Հայ հանդիսատեսին կներկայացվի ևս երկու կատակերգություն.
- Դեռահասների համար կներկայացվի 2015 թվականի արտադրության « Նորեկը » կատակերգությունը, որը պատմում է փարիզյան քոլեջ ընդունված նորեկի՝ Բընուայի արկածների մասին : Այս ֆիլմն ստացել է 2015 թվականի Նամյուրի Ֆրանկոֆոն ֆիլմերի միջազգային փառատոնի հանդիսատեսի մրցանակը : Այն կցուցադրվի մարտի 24-ին, ժամը 18.30-ին :
- 2013-ին արտադրված « Ես մեռած եմ ձևանում » դետեկտիվ կատակերգությունը, գլխավոր դերում՝ Ֆրանսուա Դամիեն, կցուցադրվի մարտի 21-ին, ժամը 18.30-ին և մարտի 25-ին ժամը 20.30-ին :
- 2014-ին արտադրված « Եդեմ » երաժշտական դրաման ստիպում է վերապրել 1990-ականների էյֆորիան և « French Touch »-ի պատմությունը՝ ֆրանսիացի արտիստների և դիջեյների մի սերունդ, որը շարունակում է փայլել ողջ աշխարհում:
- 2014 թվականի արտադրության ֆրանս-մավրիտանական « Տիմբուկտու » ֆիլմը ներկայացնում է գյուղացիների պայքարը իրենց գյուղը՝ Մալիի Տիմբուկուն գրաված իսլամիստ ծայրահեղականների դեմ : 2014թ. Կաննի փառատոնի մրցութային ծրագրի կազմում ընդգրկված այս ֆիլմն արժանացել է ժյուրիի Էկումենիկ մրցանակին և Ֆրանսուա-Շալե մրցանակին՝ լրագրողական արժեքների համար: Ֆիլմը 2015 թվականին արժանացել է յոթ Սեզարի, այդ թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերում :
- 2016թ.արտադրության ֆրանս-կանադական « Սա ընդամենը աշխարհի վերջն է» կանադացի ռեժիսոր Քսավիե Դոլանի ընտանեկան դրաման պատմում է գրող Լուիի պատմությունը, ով 12 տարվա բացակայությունից հետո գալիս է տեսնելու իր ընտանիքին և հայտնելու, որ շուտով մեռնելու է : Ֆիլմում խաղում են բազմաթիվ հայտնի դերասաններ՝ Վենսան Կասել, Մարիոն Կոտիյար, Նատալի Բայ : Ֆիլմը 2016թվականին արժանացել է Կաննի փառատոնի Գրան-պրիին, այնուհետև՝ 2017 թվականին ստացել է երեք Սեզար՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերակատար և լավագույն մոնտաժ անվանակարգերում:
- 2015 թվականին արտադրված, գրող Սիրիլ Դիոնի և դերասանուհի Մելանի Լորանի « Վաղը» վավերագրական ֆիլմը կցուցադրվի մարտի 23-ին, ժամը 19-ին : Ֆիլմի երկու ռեժիսորները աշխարհի տարբեր ծայրերում հանդիպել են մարդկանց, ովքեր առաջարկում են լուծումներ 21-րդ դարի բնապահպանական և սոցիալական մարտահրավերները դիմակայելու համար տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, էկոնոմիկա, կրթություն կամ կառավարում : « Վաղը» ֆիլմն արժանացել է 2016 թվականի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին :