«Հրահանգ էր». ՀԽ անդամին դահլիճից կալանքի վերցրին
Հիմնադիր խորհրդարանի անդամ, ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Արմեն Միքայելյանն այսօր մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշել է փոխել նաեւ Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ու նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճից։
Պաշտպան Երվանդ Վարոսյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ հիմքեր չկար խափանման միջոցը փոխելու եւ հենց դատարանի դահլիճից կալանքի վերցնելու. «Հրահանգ էր»:
Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:
Ըստ ոստիկանության` Արմեն Միքայելյանի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 7 փամփուշտով։ Հիմնադիր խորհրդարանի անդամի պնդմամբ՝ զենքը եղել է մեքենայում, որով իրեն բերման են ենթարկել հուլիսի 26-ին՝ Խորենացի փողոցում կազմակերպված հավաքից հետո։ Արմեն Միքայելյանը դատարանում ցուցմունք էր տվել եւ նշել, որ զենքը եղել է մեքենայում, որով իրեն բերման են ենթարկել հուլիսի 26-ին՝ Խորենացի փողոցում կազմակերպված հավաքից հետո։ «Զգացի, որ մեջքիս հատվածում, ինչ-որ կոշտ բանով սեղմում են: Հարց տվեցի՝ ի՞նչ եք անում, այդ ի՞նչ է, ոչ մի պատասխան չեղավ: Հետո, երբ որ հասանք ոստիկանության բաժին, մեքենայից դուրս գալուց ինչ-որ բան ընկավ, չխկոցը դուրս եկավ, նայեցի՝ ատրճանակ էր»,- դատարանում ավելի վաղ ցուցմունք տալիս ասել էր Արմեն Միքայելյանը:
Այս գործով երկու ընթերակա կար: Ընթերականերից մեկը նույնիսկ սխալ էր գրել իր անձնական տվյալները, ազգանունը, արձանագրությունն էլ սահմանված կարգով չէր կազմվել: