Ըստ ՀՀԿ-ականի՝ բախումներն ընտրությունների հետ կապ չունեն (տեսանյութ)
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Առաքելյանը նշում է՝ իրենց շտաբների վրա կուսակցական պատկանելությունը փոքր տառերով է գրված, որպեսզի մարդիկ կենտրոնանան անհատների վրա. «Բոլորը ներկայանում են իրենց անունից որպես մարդ, եւ այդ մարդիկ իրենց հեղինակությամբ ցանկացած համայնքում արդեն ունեն ձայներ»: «Ա1+»-ի հարցին, թե ինչու են հանրապետականները որոշ ընտրատեղամասերում իրար դեմ պայքարում, ՀՀԿ պատգամավորության թեկնածուն Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, ՀՀԿ-ականները միմյանց դեմ չեն պայքարում, երբ առանձին անհատների մեջ լինում է ինչ- որ մրցակցություն, որը վերածվում է պայքարի, դա պետք չի վերագրել ամբողջ թիմին ու ամբողջ հանրապետականին: Ընտրությունների ժամանակ լինում են դեպքեր, որ մարդիկ տարիների ընթացքում իրար հետ խնդիր են ունենում եւ հանկարծ ընտրությունների ժամանակ հիշում են այդ ամենը, բայց այդ ամենը ընտրությունների հետ կապ չունի»: Ելք դաշինքի պատգամավորության թեկնածու Լեւոն Սարգսյանը կարծում է , որ մարդիկ ավելի շատ ոչ թե վախենում են այս կամ այն թեկնածուից, այլ հուսալքված են եւ ոչ մեկի հետ հույս չեն կապում. «Մենք միասին շրջում ենք փողոցներով ու մարդկանց փորձում ենք ցույց տալ այս ամենի ելքը»: Անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանը եւ նրա հուղարկավորության հետ կապված պահանջներին՝ ՀՀԿ- ական Սուքիաս Ավետիսյանը ասաց. «Մենք ցավում ենք ցանկացած նման մահվան համար: Մեղավորները կպարզվեն առանձին հետաքննության ժամանակ, մեղադրել իշխանություններին, կարծում եմ, պետք չէ: Իսկ ինչ վերաբերում է հուղարկավորությանը Եռաբլուրում՝ եկեք չմոռանանք, այնտեղ հուղարկավորված են հերոսներ, այն մարդիկ, որոնք սահման են պաշտպանել, իրենց կյանքն են տվել հանուն մեր երկրի խաղաղության»: Դիտարկմանը, թե Արթուր Սարգսյանն էլ է ազատամարտիկ ու պաշտպանել է սահմանը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հաց բերողը սահման չի պաշտպանել, իհարկե փորձել է մարդկանց օգտակար լինել: Նա սահմանին չի զոհվել, պատերազմի ժամանակ»: