Ջրային ռեսուրսներն անսահմանափակ չեն. այսօր ջրի օրն է
Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր:
1993թ. փետրվարի 22-ին արդեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ, նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի՝ ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան:
2003թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի №A/RES/58/217 որոշմամբ 2006-2015թթ. հայտարարվել էր «Կենաց ջուր» գործողությունների միջազգային տասնամյակ, իսկ 2016 թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացում-2030» օրակարգում ներառված 17 նպատակները, որոնցից 6-րդը ամբողջությամբ վերաբերում է ջրային ռեսուրսներին:
Ջրի համաշխարհային օրը համակարգվում է ՄԱԿ-ի ՋՈՒՐ կառույցի կողմից, և ամեն տարի, ՄԱԿ-ի ստորաբաժանումներից որևէ մեկը նշանակվում է «Ջրի համաշխարհային օրվա» միջոցառման համակարգող և պատասխանատու է առաջարկված նոր թեմայի աջակցության համար:
Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են.
- խթանել բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունումը.
- տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման և կարևորության մասին.
- Ջրի համաշխարհային օրվա տոնակատարությանը ներգրավել կառավարություններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին ու մասնավոր հատվածին: