«Կուսակցականացված համակարգը կրթությունը դարձնում է ֆեոդալական» (տեսանյութ)
Հայաստանում կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի: Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը իր նախընտրական ծրագրում հենց այս կետն է համարում ամենակարեւորը. «Կուսակցականացված համակարգը կրթությունը վեր է ածում ֆեոդալական համակարգի: ՀՀԿ –ի մասսայական քարոզներին տնօրեններ են գնում, աշակերտեր, բայց չի կարելի, իրավունք չկա օրենքով, իսկ հիմա էնքան են խորամանկացել, որ ստորգետնյա են անում ամեն ինչ»,- ասում է Անահիտ Բախշյանը: Դպրոցներում ու բուհերում քարոզչությանը դեմ է նաեւ ՕՐՕ դաշինքը: Բայց նրանց առանձնացրած դրույթը վերաբերում է ոչ միայն քաղաքականին , այլեւ կրոնականին: Ծառուկյան դաշինքում կարեւորում են կրթական համակարգի ֆինանսական կողմը: Գերազանց սովորող ոչ մի ուսանող չպետք է դուրս մնա բուհից՝ ուսման վարձը չվճարելու պատճառով: Կոմունիստական կուսակցությունն իր ծրագրում առաջարկում է վերացնել ավագ դպրոցի ինստիտուտը ու անցնել 10 -ամյա կրթության: Իսկ ՀՎԿ-ն էլ առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները: ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, այն կետերը, որոնք ներկայացրել են մյուս կուսակցությունները՝ կառավարության ծրագրում արդեն կան: «Շատ հաճախ հնչող դրույթները թվում է, թե առաջին անգամ ասված բաներ են կամ ընդհանրապես բան չկա արված այդ ուղղությամբ, բայց պետք է ուսումնասիրվի ինչ է արվել այդ ուղղությամբ ու նոր միայն առաջարկներ արվի»,- ասում է ՀՀԿ- ական Ռուզաննա Մուրադյանը: ՀՀԿ-ն բավական շատ ժամանակ է ունեցել իրագործել իր նախորդ տարիների ծրագրերը, բայց չի արել, հակադարձեցին ներկաները, հիմա մյուսները պետք է առաջարկեն ու իրագործեն դրանք: