Ինչ առաքելություն ունի «Հոգևոր Հայաստան»-ը (տեսանյութ)
Առանձին քաղաքական գործիչները չեն կարող «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության քննադատության առարկան լինել։ Երևանում հրավիրված համաժողովին հայտարարում է Վարդան Խաչատրյանը. «Երևույթներն են լինելու Հոգևոր Հայաստանի գնահատման թիրախը»։ Միջոցառմանը մասնակցում են նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները։ «Հոգևոր Հայաստան»-ը հավակնում է ներկայացնել ծրագրեր, որոնք հայ ազգին վերելքի կտանեն։ Նախաձեռնությունը դիմել է քաղաքական ուժերին, և համատեղ հայտարարություն են ընդունել Հաց բերողի մասին։ Վարդան Խաչատրյանն ասում է. «Անձնավորություն, որի անցած ճանապարհը, մեզ համար՝ տեսանելի կարճ ճանապարհը, դա հայ ժողովրդի արքետիպային առանցքի շարունակությունն է»։ «Հոգևոր Հայաստան»-ի անդամ Եղիշե Պետրոսյանը հայությանը կոչ է անում հրաժարվել բացասական արժեքներից և առաջիկայում շարժվել բարձր գաղափարներով։ «Մենք պարտավոր ենք այս ծանրագույն ժամանակներում անպայման մեկս մյուսին նեցուկ լինել, մեր կյանքից վանել, վռնդել այն ամենը, ինչը խանգարում է մեր էությանը, մեր երազած երկրի կայացմանը»։ Հոգևոր Հայաստանը չի եկել միայն ասելու, որ մեր փրկությունը մեր հավաքականության մեջ է։ Էդգար Մակարյանի պնդմամբ՝ իրենք այլ առաքելություն ունեն։ «Հոգևոր Հայաստանը գալիս է հստակ ծրագրային և նպատակային խոսքով ասելու, որ մեր միասնականությունը կարող է կայանալ միայն մեր ազգային ինքնության, հայկականության վրա և դրանից է բխելու մեր ազգային գաղափարախոսությունը»։ «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունն սստեղծվել է անցած տարվա սեպտեմբերին։ Դա ողջունել են նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը՝ դա համարելով կարևորագույն քայլ։