«Ունենք հետամնաց գյուղատնտեսություն, չունենք տեսլականի ռազմավարություն» (տեսանյութ)
Գյուղատնտեսության դերը մեր երկրում շատ ավելին է, քան կարող է այն տալ մեր տնտեսությանը. «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա տվյալներով՝ մոտ 500 հազար մարդ այսօր զբաղված է գյուղատնտեսությամբ, արդյունքում այս ոլորտը ՀՆԱ-ի մեջ կազմում է 17 տոկոսը. «Ունենք հետամնաց գյուղատնտեսություն՝ իր տեխնոլոգիաներով, տեխնիկայով: Մենք այսօր ռազմավարություն չունենք, թե ինչ գյուղատնտեսություն ենք ուզում: Արդյունքում ամենառիսկային բնագավառը հենց գյուղատնտեսությունն է դարձել»: Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը ապահովագրության կարիք ունի, սակայն մեր երկրի կիսալեռնային կլիմայական պայմաններում շատ ռիսկային է ապահովագրական համակարգի կիրառումը. «Դրա փոխարեն պետությունը անընդհատ փորձել է փոխհատուցումներով լուծել ռիսկերը, սակայն դրանք կամ ժամանակին չեն հասել, կամ գնահատված չեն եղել այնքան, որքան այդ վնասը եղել է: Դա միշտ սուբյեկտիվ գնահատականների է արժանացել ու դրանով գյուղացու խնդիրները չեն լուծվել. Գյուղացու աշխատանքն անընդհատ չապահովագրած է եղել ու դրանով հասունացել է մի վիճակ, որ գյուղացին այսօր չի կարողանում իր վարկային պարտավորությունները կատարել»: Վահագն Խաչատրյանը մի դրվագ պատմեց մարզերում իրենց նախընտրական հանդիպումներից, երբ մի քանի գյուղացի մոտեցել է իրենց եւ ասել, որ որոշել են այլեւս վարկերը չվճարել՝ ի վիճակի չեն. «Նրանք բանկին ասել են՝ կարող եք գալ, ամեն ինչ վերցնել՝ տուն, հող, տեխնիկա: Սրանով բանկերը փաստի առաջ են կանգնել. իրենք էլ չգիտեն՝ ինչ անել, դա լիկվիդային չէ, քանի որ որեւէ մեկը այդ ամենը ձեռք բերելու որեւէ ցանկություն չունի: Առաջացած վնասները բանկը կամ իր հաշվին պետք է փակի, կամ ԿԲ միջոցով: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրում կա կետ, որ վարկավորման պայմանները փոխվեն՝ դրանք կամ զրոյացնեն, կամ զիջվեն: Երբ մեզ ասում են՝ բա, դա ինչպե՞ս անենք, բյուջեն գումարներ չունի, մենք ասում ենք՝ ճանապարհ կա՝ դա կարելի է անել ԿԲ դիմելով, որը իր նորմատիվների բազայի փոփոխությամբ կպաստի, որպեսզի ֆինանսական կառույցները կարողանան այդ վնասը դուրս գրել»: Բացի այդ, ըստ նրա, գյուղատնտեսության վարկերի այսօրվա տոկոսադրույքների ուղիղ կեսը պետությունը պետք է վերցնի իր վրա: Իսկ գյուղատնտեսական ոլորտի բարելավման համար կարել է խնդիր դնել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության ստեղծման, ինչպես նաեւ՝ սուբսիդավորման համակարգի էական փոփոխության: